ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնյաներին կոչ է անում նախընտրական շրջանում չկիրառել վարչական ռեսուրս։ Այս մասին ասված է ԿԸՀ հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնել էր, որ քննվելու է Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության հարցը։ Մինչ այդ ԶԼՄ–ները գրել էին, որ մայիսի 13-ին Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցում են մարզի գյուղերի ուսուցիչներ և աշակերտներ, և դասաժամերը հատուկ կրճատվել են։ Ապարանում քաղաքացիներից մեկը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նույնիսկ հարցրեց՝ նորմա՞լ է, որ դասի ժամին ուսուցիչները եկել են քարոզարշավի։ Փաշինյանն առանց պատասխանելու ավտոբուս էր նստել ու հեռացել։
«Վարչական ռեսուրսները մարդկային, ֆինանսական և նյութական այն միջոցներն են, որոնց ընտրությունների ժամանակ տիրապետում են պաշտոններ զբաղեցնող անձինք։ Նրանք հանրային ոլորտում վերահսկողություն են իրականացնում անձնակազմի, ֆինանսների և հատկացումների նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
ԿԸՀ–ն հստակ մատնանշել է, թե ինչ է արգելվում նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում։ Վարչական ռեսուրս չեն կարող օգտագործել հանրային ծառայության մեջ գտնվողները, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներն իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
Հանձնաժողովը կոչ է արել նախընտրական քարոզչությունն իրականացնել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքից բխող կարգավորումների շրջանակում։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
