«Փաշինյանի «խաղաղությունը» կտևի այնքան ժամանակ, քանի դեռ այն ձեռնտու կլինի Ալիևին»։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների և Արթիկի բնակիչների հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Քաղաքական գործիչն ընդգծել է՝ այն ամենը, ինչ Փաշինյանը խոստացել էր 2018 թվականին, ձախողել է։ Խոստումների փոխարեն եղան պատերազմ, կորուստներ և զոհեր։ 2021 թվականին Փաշինյանը հավաստիացրեց ժողովրդին, որ գործել է լավագույն մղումներից դրդված, և ժողովուրդը նորից հավատաց։ Հիմա ամեն ինչ կրկնվում է։
«Իրավիճակն այնքան աբսուրդային է, որ տրամաբանական շղթայի մեջ չի տեղավորվում։ Ժողովրդին նորից ասում են, որ մեղավոր են նախկինները, ով ասես, բայց ինքը՝ Փաշինյանը, մեղավոր չէ։ Պատրա՞ստ եք գնալ այդ ճանապարհով։ Ես պատրաստ չեմ։ Մեր թիմը մտել է պայքարի մեջ, և այն ամենը, ինչ խոստացել է՝ կատարել է»,- նշել է քաղաքական գործիչը։
Նա հիշեցրել է, որ 2021 թվականին Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիաները սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի հարցում նշաձողն իջեցնելու անհրաժեշտության մասին։ «Հասկանալով, թե դա ինչի է հանգեցնում, մենք դուրս եկանք պայքարի, բայց չստացանք պատշաճ աջակցություն։ Նա գնաց և ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Դրանից սկսվեց հայաթափման նոր փուլը։ Եթե 2026 թվականին Փաշինյանն ընտրվի՝ Սյունիքը հարցականի տակ կդրվի»։
«Խաղաղությունը, որի մասին նրանք խոսում են, խաղաղություն չէ. առանց երաշխիքների այն կգոյատևի այնքան ժամանակ, քանի դեռ ձեռնտու կլինի Ալիևին։ Մենք չենք կարող համաձայնել սրա հետ և հույս ունենք, որ ժողովուրդը նույնպես չի համաձայնի երրորդ փուլին և հասկացել է, թե ում հետ գործ ունի։ Ես բազմիցս ասել եմ, որ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, նա նույնն էր անելու»,- հայտարարել է Քոչարյանը։ Քաղաքական գործչի համոզմամբ՝ եթե մենք ունենք արժանապատվություն և մտահոգված ենք երեխաների ապագայով, պետք է բռնել Փաշինյանի ձեռքը և կանգնեցնել նրան։
Այնուհետև զրույցը շարունակվել է ավելի ոչ պաշտոնական մթնոլորտում՝ գրասենյակում և փողոցում։ Արցախից տեղահանված փախստականը, որը վերաբնակվել է Արթիկում, խնդրել է թույլ չտալ, որ Սյունիքի հետ պատահի այն նույնը, ինչ պատահեց Արցախի հետ։
News.am
