Логотип

ՀՀ-ում պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլի անցկացման համար կհատկացվի 665 մլն դրամ

Հայաստանում հունիսի 6–ին պատանի երաժիշտների դասական «Եվրատեսիլ–2026» 22–րդ մրցույթի անցկացման համար կհատկացվի 665 մլն դրամ։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ի դեպ, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի մեջ է և մասնակցում է նախընտրական քարոզարշավին։

Անդրեասյանը նշեց, որ հունիսի 6–ը պատահական չի ընտրվել` այդ օրը ծնվել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։ Միջոցառումը կանցկացվի Օպերայի և բալետի ազգային թատրոնում, որի հիմնադրման 100–ամյակը լրանում է այս տարի։

Նախարարը տեղեկացրեց, որ միջոցառումը կանցկացվի ոչ միայն շենքի ներսում, այլև դրսում` հատկապես տանիքային հատվածներում, որտեղ բեմադրվելու են բալետային և այլ ներկայացումներ։

Մրցույթին մասնակցելու է 11 երկիր։ Մեր երկրի մասնակիցը լինելու է 15–ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ «Սա մեծ տեսանելիություն կապահովի մեր երկրի համար»,– վստահեցրեց Անդրեասյանը։

Ի դեպ, հունիսի 6–ը նաև ՀՀ խորհրդարանական ընտրություններին նախորդող օրն է, որը համարվում է լռության օր, երբ պաշտոնական քարոզարշավն արգելվում է։

Sputnik Արմենիա