Логотип

Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել գույք ու գումար

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից հօգուտ պետության բռնագանձել մի քանի անշարժ գույք, տրանսպորտային միջոց ու ապօրինի դրամական միջոցներ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին։ Վերջինս վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը»,– նշված է հաղորդագրությունում։

Մասնավորապես պահանջվում է Ռուբեն Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

– 3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում,

– 1 տրանսպորտային միջոց,

– 1 իրավաբանական անձում մասնակցություն,

– 236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

Նշենք, որ Ռուբեն Հովսեփյանը ԱԺ պատգամավոր է եղել 2012–2017թթ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ Նա նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է։

Sputnik Արմենիա