Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանց մեկնաբանության է թողել ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիմումը։
Հիշեցնենք, որ NEWS.am-ն այսօր հրապարակել էր բարի կամքի տեր բոլոր մարդկանց և իրավապաշտպաններին ուղղված Բաբայանի դիմումը։ Իր ձայնային ուղերձում Բաբայանը մանրամասներ էր ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընթացող կեղծված և կոպտագույն խախտումներով ուղեկցվող դատական ֆարսից։
Այսօր լրագրողները փորձել են ԱԳ նախարար Միրզոյանից մեկնաբանություն ստանալ այն մասին, թե արդյոք Երևանը մտադիր է որևէ քայլ ձեռնարկել։
«Առանց մեկնաբանության»,- հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ եթե հնարավոր համարեն որևէ քայլ ձեռնարկել, դա ինչ-որ կերպ կդրսևորվի։
