Հայաստանը հրաշալի պատկերացնում է Եվրոպական միությանը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միաժամանակ անդամակցելու անհնարինությունը, և երբ նման անհրաժեշտություն հասունանա, համապատասխան որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և կանցկացվի՞ հանրաքվե այդ հարցով՝ հաշվի առնելով երկու միավորումներում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողականորեն համագործակցում է և լիարժեքորեն մասնակցում քննարկումներին ու բոլոր որոշումների կայացման գործընթացներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, և այդ դեպքում հնարավոր կլինի գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։
News.am
