Քաղաքային կառավարման արդյունավետությունն ուղղակիորեն կախված է տեղական և կենտրոնական իշխանությունների փոխգործակցությունից։ Որոշ դեպքերում ընդդիմադիր գործիչները նորմալ են աշխատում, և դա երևում է քաղաքում արված հենց առաջին քայլից, բայց լինում են նաև դեպքեր, երբ քաղաքները «մեկուսանում են»։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքներում խնդիրներ են առաջանում այն ժամանակ, երբ տեղական իշխանությունների և կառավարության միջև չկա փոխհամաձայնեցվածություն։ «Երբ որ քաղաքային իշխանության և կառավարության գործունեության մեջ դիսոնանս կա, նման անհամաձայնություն է առաջանում», — նշել է նա։
Վարչապետն ընդգծել է, որ այն քաղաքներում, որտեղ քաղաքապետարանի և կառավարության միջև երկխոսություն կա, արդյունքներն անմիջապես տեսանելի են դառնում։ «Կան քաղաքներ, որտեղ քաղաքապետն ընդդիմադիր է, բայց նա իշխանության հետ կոնֆլիկտի մեջ չէ։ Եվ այնտեղ արդյունքներն ակնառու են հենց քաղաք մտնելիս», — հայտարարել է Փաշինյանը։
Որպես առանձին օրինակ նա նշել է Գյումրին՝ մատնանշելով քաղաքների զարգացվածության մակարդակների ակնհայտ տարբերությունը։ «Իսկ հիմա գնացե՛ք Գյումրի. հենց անցնում ես քաղաքի ցուցանակը՝ միանգամից ավերակների մեջ ես հայտնվում», — ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ նման իրավիճակը քաղաքական հակամարտությունների և իշխանության տարբեր օղակների միջև փոխգործակցության բացակայության հետևանք է։
«Երբևէ նման բան չէր եղել, որ քաղաքն այս աստիճան ինքնամեկուսանա։ Սա հակամարտության հետևանքն է», — նշել է նա՝ հավելելով, որ Երևանում իշխանությունները փորձում են վերացնել քաղաքային կառավարման և կառավարության միջև առկա նմանօրինակ ճեղքվածքը։
Ներկա գտնվող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն հավելել է. «Հենց այդ պատճառով է կարևոր, որ հունիսի 7-ին մենք այնտեղ ջախջախիչ մեծամասնություն ստանանք, ցրենք այս խայտառակությունը, որն այսօր կոչվում է Գյումրու իշխանություն, նոր ընտրություններ անցկացնենք և հասնենք նրան, որ Գյումրին կառավարեն ոչ թե հանցագործները, այլ նորմալ մարդիկ»։
«Գյումրիում մինչ օրս հեղափոխական իշխանություն չի ձևավորվել։ Հունիսի 7-ից հետո այս խայտառակությանը պետք է վերջ տրվի», — հավելել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ Երևանում առկա տարաձայնությունները լուծվել են դեռ 3-4 տարի առաջ, սակայն արդյունքները սկսել են զգացվել միայն այսօր։
«Հենց որ Երևանում քաղաքի և կառավարության միջև առկա դիսոնանսոը վերացվեց, արդյունքներն անմիջապես ի հայտ եկան։ Վերջին վեց-յոթ ամիսների ընթացքում մենք արդեն զգում ենք կատարված աշխատանքի չափը», — ասել է նա։
News.am
