Ամերիկահայ գործարար, գիտնական և ներդրող Նուբար Աֆեյանը Forbes-ի վարկածով զբաղեցրել է 32-րդ տեղն ԱՄՆ-ի 250 մեծագույն նորարարների ցանկում, հայտնում է Zartonk Media-ն։
Ցանկը հրապարակվել է ԱՄՆ 250-ամյակի առթիվ։ Վարկանիշը գլխավորում է գործարար Իլոն Մասկը, որին հաջորդում են Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Nike-ի հիմնադիր Ֆիլ Նայթը, NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը, ինչպես նաև ռեժիսորներ Ջորջ Լուկասը և Սթիվեն Սփիլբերգը։
Ըստ պարբերականի՝ Forbes-ը գնահատել է գրեթե 1000 թեկնածուի՝ ստեղծարարության, ոլորտների վրա ազդեցության և առևտրային արդյունքի չափանիշներով։ Առաջին փուլում թեկնածուներին գնահատել է փորձագետների խումբը, այնուհետև կիրառվել են արհեստական բանականության գործիքներ, իսկ վերջնական հերթականությունը սահմանել են խմբագիրները։
Աֆեյանը 2000 թվականին հիմնադրված Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է։ Այդ ընկերության միջոցով նա մասնակցել է ավելի քան 100 գիտատեխնոլոգիական ընկերության ստեղծման։ 2010 թվականին Աֆեյանը դարձել է Moderna-ի համահիմնադիրներից մեկը, որը հետագայում մշակել էր COVID-19-ի դեմ առաջին ՌՆԹ պատվաստանյութերից մեկը։ Համավարակի ընթացքում Moderna-ի պատվաստանյութը կիրառվել էր ավելի քան 70 երկրում։ Աֆեյանն զբաղեցնում է Moderna-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։
Իր գործունեության համար նա արժանացել է ԱՄՆ Տեխնոլոգիաների և նորարարության ազգային մեդալի՝ տեխնոլոգիական ոլորտում ձեռքբերումների համար շնորհվող ամերիկյան բարձրագույն պարգևին։
Աֆեյանը ծնվել է 1962 թվականին Բեյրութում՝ հայկական ընտանիքում։ Նրա պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը։ 1975 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով Աֆեյանի ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ Նա ավարտել է Մաքգիլի համալսարանը, իսկ 1987 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է կենսաքիմիական ինժեներիայի դոկտորի աստիճան։
Աֆեյանը հայտնի է նաև Հայաստանի հետ կապված իր նախաձեռնություններով։ 2015 թվականին Վարդան Գրեգորյանի և Ռուբեն Վարդանյանի հետ նա դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և Aurora Prize for Awakening Humanity մրցանակի համահիմնադիրներից մեկը։ Մրցանակը հիմնվել է Հայոց ցեղասպանության և վերապրածներին փրկած մարդկանց հիշատակի հիման վրա։
Նա նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիրներից է, UWC Dilijan International School-ի խորհրդի անդամ, Future Armenian նախաձեռնության համահիմնադիր և Հայաստանի երկարաժամկետ զարգացմանն ուղղված նախագծերի մասնակից։
Վերջին տարիներին Աֆեյանը ներգրավված է նաև Հայաստանում տեխնոլոգիական նախագծերում։ Նա Firebird ընկերության հիմնադիրներից և ռազմավարական խորհրդատուներից է․ ընկերությունը NVIDIA-ի և Հայաստանի կառավարության հետ համատեղ իրականացնում է երկրում մոտ 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոնի ստեղծման նախագիծը, որի թվում նշվում է նաև Afeyan Foundation for Armenia հիմնադրամը։
Armenia Today
