Լոռու մարզում Փամբակ գետի հունի մեջ շինարարական աղբ, քար, հող, ավազ լցնելու միջոցով գետի հունը նեղացնելու և գետից զավթած տարածքում առաջացած կղզյակները ապօրինի զավթելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատախազություն` 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ–ից` չբացահայտելով կասկածյալի ինքնությունը։
Ինչպես հայտնել ենք, այս գործով քրեական վարույթը հարուցվել է դեռևս 1 տարի առաջ` 2025թ–ի հուլիսի 5-ին, Քրեական օրենսգրքի 381–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ի դեպ, այս արարքը պատժվում է 20-40 հազար դրամ տուգանքով կամ 150-250 ժամ հանրային աշխատանքներով։ Առավելագույն պատիժը ազատազրկումն է 1 տարի 2 ամսից մինչև 4 տարի ժամկետով։
Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ անցած 1 տարվա ընթացքում քրեական վարույթի շրջանակում իրականացվել են ու շարունակում են իրականացվել անհրաժեշտ ապացուցողական և վարույթային գործողություններ։ Բայց դրանց վերաբերյալ մանրամասներ հրաժարվում են հայտնել` դա հիմնավորելով հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալներով։
