Логотип

«Միասնության թևերը» ողջունում է Սամվել Կարապետյանի կոչը, բայց դեռ առաջարկ չի ստացել

«Միասնության թևեր» կուսակցությունը ողջունում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկը՝ ուղղված ընդդիմադիր դաշտի համախմբմանը։ Այդ մասին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։ Նա հավելեց, որ այս պահին կուսակցությունը դեռ առաջարկ չի ստացել, ստանալու դեպքում կքննարկեն։

«Ողջունում ենք այդ հայտարարությունը։ Եթե կլինի հստակ առաջարկ, կոնկրետ քայլեր, կլինեն քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի կողմից։ Այս պահին չունենք նման առաջարկ»,- նշեց Դրմեյանը։

Նա նշեց, որ իրենց ուժը հաշվի է առնում նաև նախկինում եղած անհաջող փորձը, օրինակ, տարբեր հանրահավաքներ, որոնք, ըստ էության, ոչ մի տեղ չտարան։

«Կարծում ենք՝ պատասխանատվություն ստանձնելու համար որոշակի հստակություն պետք է լինի։ Երբ լինի այդ առաջարկը, կլինի ավելի դետալային քննարկում, մենք էլ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Դրմեյանը։

Վստահ է, որ ընդդիմադիր ուժերը բավականին քաղաքական փորձ ունեն՝ գտնելու ճիշտ ձևաչափ քննարկումներ կազմակերպելու։

Հավելենք՝ «Միասնության թևեր» կուսակցությունը րոպեներ առաջ դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթաց հայտարարեց։ Նա նաև առաջարկում է ձևավորել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերի ձևաչափով դիմել ժողովրդին, ներկայացնել խնդիրները, գնահատել իրավիճակը, քննարկել հնարավոր քայլերն ու գնալ այդ ուղղությամբ։

Sputnik Արմենիա