ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին մեղադրել է Շվեյցարիայում խաղաղության համաձայնագրի շուրջ տեխնիկական հանդիպումը խափանելու մեջ և հայտարարել, որ Թեհրանը «ոչ մի ցենտ չի ստանա»:
«Այդ մենք չենք հուսահատությունից խափանել հանդիպումը, այլ Իրանը։ Նրանց վերջը կգա։ Մենք կդիմանանք այդ 60 օրվան։ Նրանք գումար չեն ստանա, ո՛չ մի ցենտ»,- գրել է նա այսօր իր Truth Social սոցցանցում։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ պատերազմն էապես թուլացրել է Իրանին, որը, նրա խոսքով, զրկվել է ռազմաօդային և ռազմածովային ուժերի զգալի մասից, հակաօդային պաշտպանության միջոցներից և ռադիոտեղորոշիչ համակարգերից: Ընդ որում, Թրամփը քննադատել է դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին, որոնք, նրա կարծիքով, թերագնահատում են Թեհրանի համար հակամարտության հետևանքները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի, Իրանի, Կատարի և Պակիստանի միջև բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային այսօր, հետաձգվել են:
Նախօրեին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հաստատել էր, որ Իրանի հետ բանակցություններում կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը: Նա միաժամանակ նշել էր, որ Շվեյցարիա ուղևորությունը պլանավորվում է հանգստյան օրերին, սակայն ԱՄՆ-ից բանակցողների մեկնման ժամկետները կախված են այնտեղ Թեհրանի ներկայացուցիչների ժամանումից:
Հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը Իրանը և ԱՄՆ–ն հեռավար հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության դադարեցում է ենթադրում: Հուշագրում նաև սահմանվում են ժամկետները` երբ ԱՄՆ–ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է ձեռք չբերել միջուկային զենք, Իրանի միջուկային ծրագրի հարցն էլ պետք է լուծվի առանձին համաձայնագրով: Կողմերը այս հարցի շուրջ բանակցություններ կանցկացնեն 60 օրվա ընթացքում: Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների չեղարկումը։
Sputnik Արմենիա
