Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես Սաշիկ Սարգսյան– խմբ.) նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը։ Այնուհետև դատախազությունը դիմել է վճռաբեկ դատարան, սակայն դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը»,– հայտնեցին հակակոռուպցիոն դատարանից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախաքննական մարմինը փետրվարի 24–ին միջնորդել էր դատարանին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու համար։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ, երբ եղբայրը` Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար էր։
Մեղադրանքի համաձայն` նա 2001-2018 թվականներին օգտագործել է իր ազդեցությունը` իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի պետական միջոցները վատնման եղանակով հափշտակելու համար։
