Հորմուզի նեղուցի փակման մասին լուրն անհիմն է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, թե Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը։
«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անհիմն է անվանել մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը»,- ասված է Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նաև նշել է, որ Իրանի ԶՈւ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ տեղաշարժն ապահովելու համար՝ ձեռք բերված ամերիկա-իրանական հուշագրին համապատասխան։
«Այս պահին նավագնացությունն իրականացվում է»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
Sputnik Արմենիա
