Логотип

Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր ուժը» նույնպես դիմում ներկայացրեց ՍԴ

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ» կուսակցությունը ևս դիմում ներկայացրեց Սահմանադրական դատարան. պահանջը կրկին նույնն է` չեղարկել ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր ուժ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հակոբ Կարապետյանը։

Այսօր նույնաբովանդակ դիմումներ են ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, ԲՀԿ, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։

«Ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մի շարք դրվագներով մեզ մոտ խոր մտահոգություններ և կասկածներ կան։ Հունիսի 14-ին ԿԸՀ–ի կայացրած որոշումը` 3 ընտրատեղամասի քվեարկություն չեղարկելը և դրանցում վերաքվեարկություն չանցկացնելը, կարծում ենք, որ նշանակում է մի քանի հազար ընտրողի կամքն անտեսել։ Դա ամենևին չի բխում օրինականությունից և սահմանադրությունից։ Հուսանք, որ ՍԴ–ն արդար որոշում կկայացնի»,– ասաց Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով` իրենք արդեն իսկ կատարել են իրենց գործողություններն ու շարունակելու են դրանք իրենց պատկերացումներին համապատասխան։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։

Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:

Sputnik Արմենիա