Սահմանադրական դատարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որտեղ հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները և նրանց աջակիցները։ Մասնավորապես, համատեղ ակցիա են անում «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը։ Այստեղ են նաև ԲՀԿ–ականները, Քիչ առաջ ժամանեցին «Հայաքվե» նախաձեռնության անդամները։ Նրանց մեծ է նաև նախօրեին կալանավորված Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։
Նախօրեին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ հունիսի 26–ին ժամը 17:00-ին «ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների»։
Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 26–ին, ՍԴ նախագահ Արման Դիլանյանի նախագահությամբ, սկսել է քննել 7 քաղաքական ուժերի միավորված հայցը՝ ԱԺ ընտրությունների արդյունքներով ԿԸՀ 259Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
Զեկուցողն է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Պատասխանողը ԿԸՀ-ն է, համապատասխանողներն են դատախազությունը, ՆԳՆ-ն, Հակակոռուպցիոն կոմիտեն։
Երրորդ կողմ է հանդես գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրա ներկայացուցիչների մեջ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը հանդես է գալիս որպես կուսակցության վարչության անդամ։
Բոլոր կողմերը և լիազորված ներկայացուցիչները ներկա են։
Նշենք, որ այս գործի քննությանը չեն մասնակցելու ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը, քանի որ ՍԴ–ն որոշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:
News.am
