Логотип

Արման Աբովյան․ Իշխանությունը պայքարում է Հայաստանի բնակչության մեծամասնության դեմ

«Թույլ տվեք այս պահին փակագծերը չբացեմ, սպասենք, տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները Սահմանադրական դատարանում»,– Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը՝ նշելով, որ այս փուլում նպատակահարմար չի համարում խոսել հետագա քայլերի հաջորդականության մասին, քանի որ որպես ՍԴ-ում քննվող գործով շահագրգիռ կողմ՝ իր ցանկացած գնահատական կարող է ընկալվել որպես ճնշման փորձ։

Միաժամանակ նա վստահեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բոլոր գործողությունները եղել են և լինելու են բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների շրջանակում։

«Թող հույսները կտրեն, ոչ մի ապօրինի բան նույնիսկ չի էլ դիտարկվում։ Շատ է շահարկվում պլան B-ն, C-ն, D-ն, E-ն, բայց պետք չէ սևեռվել կոնկրետ պլանների վրա։ Դինամիկ գործընթաց է գնում, և յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ ունի իր տեսլականը, թե ինչպես է արձագանքելու իրադարձությունների զարգացմանը»,- ասաց Աբովյանը։

Նրա խոսքով, Սահմանադրական դատարանից ակնկալվում է միայն մեկ բան՝ կայացնել որոշում՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ ոչ թե քաղաքական ազդեցություններով։

«Ցավոք, այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանում, մեզ հասցրել է նրան, որ այսօր ստիպված ենք ակնկալել, որ Սահմանադրական դատարանը պարզապես գործի համաձայն Սահմանադրության, այլ ոչ թե իշխանության քմահաճույքի»,- նշեց նա։

Անդրադառնալով հասարակական տրամադրություններին՝ Աբովյանն ընդգծեց, որ դրանք հնարավոր չէ գնահատել միայն հրապարակներում հավաքված մարդկանց թվով։

«Մարդիկ վիրավորված են, որովհետև այն լկտիությունը, որը մենք տեսանք ընտրությունների ժամանակ, և այն գործողությունները, որոնք իրականացվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, մարդկանց մոտ առաջացրին ոչ թե անտարբերություն, այլ ավելի մեծ զայրույթ»,- ասաց նա։

Աբովյանի գնահատմամբ, իշխանությունը պետք է գիտակցի, որ պայքարում է ոչ թե առանձին քաղաքական ուժերի, այլ այն քաղաքացիների մեծամասնության դեմ, որոնք իրենց ձայնը չեն տվել գործող իշխանությանը։

Նա նաև հայտարարեց, որ իր համոզմամբ՝ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների պայմաններում իշխանությունը նույնիսկ չի ստացել այն ձայները, որոնց մասին պաշտոնապես հայտարարվել է։

Խոսելով քաղաքական ուժերի հնարավոր համախմբման մասին՝ ԲՀԿ ներկայացուցիչը հիշեցրեց, որ նման գործընթացի նախաձեռնությամբ առաջինը հանդես է եկել հենց «Բարգավաճ Հայաստանը»՝ այն բանից հետո, երբ, իր խոսքով, հայտնի դարձավ, թե ինչպես են ոչնչացվել կուսակցության քվեները։

«Սա մանդատների կռիվ չէ, Ազգային ժողով անցնելու կամ չանցնելու հարց չէ։ Խնդիրը շատ ավելի լայն է։ Եթե անտեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը, ապա լավ զարգացումներ չեն սպասվում։ Այս իրավիճակը վնասում է նաև երկրի անվտանգությանը»,- նշեց նա։

Անդրադառնալով հետագա հնարավոր քաղաքական քայլերին՝ Արման Աբովյանը ձեռնպահ մնաց մանրամասներ ներկայացնելուց՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր որոշում ունի իր առավելություններն ու թերությունները, և այս պահին վաղ է այդ մասին խոսելը։

Panorama.am