Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ԱՄՆ–ի հետ գործարքի շրջանակում իրանական 6 մլրդ դոլար կապասառեցվի։ Այս մասին հայտնում է IRNA–ն։
«Կատարում գտնվող ընդհանուր 12 մլրդ դոլար իրանական միջոցներից 6 մլրդ դոլարը կապասառեցվի և կվերադարձվի երկիր։ Այդ գումարի մյուս մասի վերադարձի հետ կապված աշխատանքները ևս շարունակվում են», – ասել է Իրանի նախագահը այաթոլա Շոբայրի Զանջանիի հետ հանդիպմանը։
Նա նաև հայտնել է, որ պայմանավորվածությունների շրջանակում վերացվել են նավթային և նավթաքիմիական ոլորտների սահմանափակումները։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Sputnik Արմենիա
