Հայաստանից լոլիկ արտահանվում է ու նաև մեծ քանակությամբ հենց մեր երկրում է վաճառվում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` լրագրողների հետ զրույցում պատասխանելով ՌԴ–ի կողմից արտահանման սահմանափակումների հետևանքով արդյունքում ստեղծված խնդիրների մասին հարցին։
«Այո՛, շուկայում կան որոշակի փոփոխություններ։ Հիմա, օրինակ, լոլիկի գները մի քանի անգամ ցածր են, քան անցած տարի էր։ Բնականաբար, դա արտադրողների համար խնդիրներ է ստեղծում, սպառողների համար ուրախալի լուր է»,– ասաց նա։
Նախարարի համոզմամբ` նոր դիվերսիֆիկացված շուկաների դեպքում արտահանման խնդիրները մինիմալի կհասնեն։
«Այս ամենի արդյունքում Հայաստանն ու ՀՀ տնտեսությունն ավելի ուժեղացած են դուրս գալու։ Մի այսպիսի բան պետք է լիներ, որ մեր տնտեսությունը դիվերսֆիկացվեր, հակառակ դեպքում համոզելով, խնդրելով որևէ բան տեղի չէր ունենա»,– ընդգծեց Պապոյանը։
Նախարարը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ տվյալ չունեն որևէ բիզնեսի փակման մասին, այլ ընդհակառակը իրենք` որպես լիազոր մարմին, տարատեսակ աջակցություններ են բիզնեսին տրամադրում։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` արդյոք ԵՄ–ի կողմից տրվող 35 մլն եվրո աջակցությունը մեր երկրում հակառուսական տրամադրություններ գեներացնելու նպատակ ունեն։ Հարցը բարկացրեց Պապոյանին։
«Լավ էլի, ժողովուրդ, ե՞րբ եք տեսել մեզ հակառուսական տրամադրություն գեներացնելիս, լավ էլի»,– պատասխանեց նա։
Sputnik Արմենիա
