Логотип

Վարդևանյան․ Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել իշխանությունը զավթելու կոչ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Այսօր Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում կատակեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը։

Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրուցում Սամվել Կարապետյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր որոշ ուժերի հետ հանդիպումներ են եղել, գաղտնի պլան ունեն, որը չեն ցանկանում բացել, ու խոսքը Փաշինյանին հեռացնելու պլանի մասին է։ Լրագրողներից մեկը Վարդևանյանին հարցրեց` մտավախություն չկա՞, որ այս խոսքերը կարող են նոր քրեական վարույթի հիմք դառնալ։

«Եթե «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» նախադասությունը կարող էր դիտարկվել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ, շնչել-արտաշնչելն էլ կարող է դիտարկվել որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ։ Բովանդակային իմաստով, իհարկե, որևէ ռիսկային կամ արտառոց միտք դրանում չկա։ Ցանկացած ուժ իր առջև իշխանափոխության խնդիր է դնում, և դրա մի մասը ներկայացնում է հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ այստեղ արտառոց կամ խնդրահարույց երևույթ չկա»,- պատասխանեց Վարդևանյանը։

Sputnik Արմենիա