Логотип

Ուիթքոֆը և Քուշները Դոհայում հանդիպմանը հաստատել են ԱՄՆ-ի հավատարմությունը Իրանի հետ բանակցություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները երեքշաբթի օրը Դոհայում Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ հաստատել են, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ բանակցությունները՝ համապարփակ համաձայնագրի հասնելու նպատակով, հայտնել են Կատարի ԱԳՆ-ում։

«Ամերիկացի երկու բանագնացները հայտնել են Միացյալ Նահանգների երախտագիտությունը Կատարի Պետության դերի համար՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության հետ գործընկերությամբ բանակցությունների վարմանը (Վաշինգտոնի և Թեհրանի միջև) աջակցելու գործում՝ ընդգծելով Միացյալ Նահանգների հավատարմությունը բանակցային գործընթացի շարունակմանը և դիվանագիտական ջանքերին աջակցությանը, որոնք նպատակաուղղված են համապարփակ համաձայնագրի ձեռքբերմանը»,- ասվում է Կատարի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ուիթքոֆը և Քուշները Ալ Թանիի հետ քննարկել են ամերիկա-իրանական բանակցությունների ընթացքը, «երկխոսության և դիվանագիտության միջոցով տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը», ինչպես նաև Լիբանանում հրադադարը։

Հրապարակման համաձայն՝ Ալ Թանին ընդգծել է, որ Կատարը շարունակելու է միջնորդական ջանքերը և բանակցությունների բոլոր ուղղություններին աջակցությունը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որպեսզի հասնի «համապարփակ և կայուն լուծման, որը կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, կպաշտպանի ժողովուրդների շահերը և կնպաստի միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»։

News.am