Логотип

Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների բանկերը հունիսից սկսել են խստացնել հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները, գրում է «ՌԲԿ»-ն (РБК):

Բելառուսում առնվազն ութ վարկային կազմակերպություն նման գործարքների համար սահմանել է 2-5% միջնորդավճար։ Դրանց թվում են «Ալֆա-բանկը», «Բելառուսբանկը», «ԲելՎԷԲ»-ը, «ԲՆԲ-բանկը», «ՄՏԲանկը», «Սբեր Բանկը», «Տեխնոբանկը» և «Ցեպտեր Բանկը»։ Ղազախստանում «Ցենտրկրեդիտ» (ԲՑԿ) բանկը նույնպես 5% միջնորդավճար է սահմանել դրամարկղերի, տերմինալների և բանկոմատների միջոցով կանխիկի ընդունման համար։ Ղրղզստանում SWIFT համակարգով փոխանցումների համար նմանատիպ դրույքաչափ է սահմանել «ԷկոԻսլամիկԲանկը»։ Հայաստանի որոշ բանկեր ընդհանրապես դադարեցրել են կանխիկ ռուբլով գործառնությունները, այդ թվում՝ դրանց մուտքագրումը հաշվեհամարներին, թեև անկանխիկ հաշվարկները շարունակում են իրականացվել նախկին պայմաններով։

«ՌԲԿ»-ի աղբյուրները ֆինանսական շուկայում նշում են, որ ԵԱՏՄ բանկերը բախվել են ռուսական ազգային արժույթի ավելցուկի խնդրին։ Այսպես, Ղազախստանի Ազգային բանկի տվյալներով՝ ապրիլին հանրապետության փոխանակման կետերը գնել են 6,5 միլիարդ ռուբլի՝ 39,8 միլիարդ տենգեով, իսկ մայիսին՝ 4,7 միլիարդ ռուբլի՝ 30 միլիարդ տենգեով։ «Էքսպերտ ՌԱ»-ի կառավարող տնօրեն Յուրի Բելիկովը պարզաբանել է, որ կանխիկ դրամի մշակումը պահանջում է պահպանման, փոխադրման և իսկության ստուգման ծախսեր, մինչդեռ արտերկրում ռուբլու նկատմամբ պահանջարկը հաճախ բացակայում է, ինչը նման գործառնությունները ոչ շահավետ է դարձնում տեղական բանկերի համար։

«FTL Advisers»-ի բանկային ուղղության ղեկավար Օլգա Բուրցևան ենթադրում է, որ դրամական հոսքերի ավելացման վրա ազդել է շրջանառության մեջ կանխիկ դրամի ընդհանուր աճը, որը տարեսկզբից ի վեր կազմել է շուրջ 1,4 տրիլիոն ռուբլի։ Միաժամանակ, «Pen & Paper» փաստաբանական կոլեգիայի խորհրդական Ռոման Կուզմինը նշել է, որ ԵԱՏՄ երկրներ ռուբլու կանխիկ հոսքի ավելացումը տեղի է ունեցել Ռուսաստանում խոշոր գործարքների նկատմամբ վերահսկողության խստացման ֆոնին։ Նա հիշեցրել է, որ ռուսական բանկերի համար կասկածելի է համարվում 30 օրվա ընթացքում ֆիզիկական անձանց կողմից 5 միլիոն ռուբլուց, իսկ իրավաբանական անձանց կողմից՝ 30 միլիոն ռուբլուց ավելի կանխիկի մուտքագրումը, որին հաջորդում է դրամական միջոցների արագ արտահոսքը արտասահման։ Նման նշանների դեպքում հաշիվը կարող է արգելափակվել։

Բացի այդ, ապրիլի 1-ից գործում է ՌԴ նախագահի հրամանագիրը, որը սահմանափակում է ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարը գերազանցող կանխիկ գումարի արտահանումը։ Դաշնային մաքսային ծառայությունը պայմանների խստացումը բացատրել էր նրանով, որ հաճախակիացել են ռուսական ռուբլու խոշոր գումարների արտահանման դեպքերը։

News.am