Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Նրանք հանդիպում են ունեցել թուրք գործարարների հետ։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ հայ և թուրք գործարարները հանդիպել էին Կարս քաղաքում, որտեղ քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։
Նշվում է, որ այցը տեղի է ունեցել «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն. միջսահմանային կապերի ամրապնդում» նախագծի շրջանակներում։ Այս այցն առաջին պատասախան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։
«Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության փոխնախագահ Արթուր Ղազարյանը նշել է, որ իրենք երկար ժամանակ աշխատում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ Ղազարյանի՝ այդ նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել տնտեսական, սոցիալական և մշակութային կապերը երկու հարևան երկրների միջև:
Ղազարյանը նշել է նաև, որ այս պահին սահմանային անցակետերի բացումն օրակարգային հարցերի թվում է, բայց դեռ շատ աշխատանքներ կան անելու։ Գործարարը շեշտեց` սահմանային անցակետերը բացելով հնարավորություն կտրվի անմիջական կապ հաստատել թուրք գործարարների հետ։
Նա ցանկություն է հայտնել սեպտեմբերին էլ Երևանում հանդիպում անցկացնել թուրք գործարարների հետ` հյուրեր սպասելով Կարսից, Իգդիրից և Վանից։ Ղազարյանը նշել է, որ այդ դեպքում կցանկանային ողջունել գործարարներին Ալիջանի սահմանային անցակետում, որն առաջին մուտքը կլինի։ Ղազարյանը պաշտոնապես հրավիրել է թուրք գործարար համայնքին սեպտեմբերին Հայաստանում կայանալիք խոշոր գործարար ֆորումին։
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանն էլ հայտնել է, որ հավատում է, որ արդյունաբերողները և գործարարները կլինեն աշխարհի ապագայի ամենակարևոր դերակատարները` խաղաղության, բարօրության և համերաշխության համար։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ առաջիկայում հնարավոր է` Թուրքիայի գործարարների հետ հանդիպում լինի։
Sputnik Արմենիա
