Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է պատիժ կիրառի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Կոչուբաևի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացրել։
«Առաջիկայում լսումներ կլինի, որ քննարկվի պատժի հետ կապված հարցերը, այդ թվում՝ պատիժը ռեալ կրելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու, հնարավոր փորձաշրջանի, և նմանատիպ այլ հարցեր»,–ասաց Կոչուբաևը։
Նրա խոսքով` ինքն անձամբ հակված չէ դատարանի որոշումը բողոքարկելու, որովհետև գտնում է, որ այդ քրեական գործն ի սկզբանե ֆարս է եղել իր դեմ, և թե իր ձերբակալությունը, թե կալանքը եղել է քաղաքական մոտիվներով։
«Մեր գոնե վերջին 8 տարվա խրոնիկոնը ցույց է տալիս, որ նմանատիպ գործերը ունենում են այս բնույթի ավարտ, և վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելն ընդամենը կլեգիտիմիացի այն։ Ինչի՞ եմ հակված՝ թողնել, որպեսզի այս դատական ակտը ստանա օրինական ուժ, քանի որ սա հերթական ամոթի նշանն է այս իշխանությունների վզին, որովհետև այս դատական ակտը մտնելու է Հայաստանի վերաբերյալ միջազգային իրավական զեկույցներում, և հավատացնում եմ ձեզ, սա պայքարի ձև է այս իշխանությունների ապօրինությունների դեմ։ Սակայն իմ փաստաբանական խումբը այն կարծիքին է, որ պետք է բողոքարկել դատավճիռը՝ առնվազն Եվրոպական դատարան հասնելու համար, որովհետև մեզ խանգարում է այն հանգամանքը, որ մենք պետք է սպառենք Հայաստանի բոլոր ներպետական ատյանները»,–ասաց Կոչուբաևը։
Նա ընդգծեց` դրանք հարցեր են, որոնց հստակ կարելի է պատասխանել դատավճիռից հետո, արդյոք բողոքարկելու են դատավճիռը, թե ոչ։ Կոչուբաևի խոսքով` հնարավոր ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է։
«Փաստացի շատ հստակ կուզեմ արձանագրել, որ այդ 5 տարվա ազատազրկումը ֆեյսբուքյան գրառման համար է, դավանանքի ազատության համար է, եկեղեցու շահերը պաշտպանելու համար է և փաստաբան լինելու համար է։ Այսինքն՝ ես հանցագործ չեմ, ես չեմ արել որևէ մի բան, որը արժանի է քրեաիրավական գնահատականի»,–ասաց նա։
