Եվրոպացի պաշտոնյաների լուռ համաձայնությամբ ու ծափահարությունների ներքո Հայաստանը հետևողականորեն սահում է դեպի խիստ տոտալիտար ռեժիմ՝ վերածվելով բաց երկնքի տակ գտնվող բանտի։ Այս մասին հուլիսի 2-ին Կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
Նա երկրի ներքաղաքական ճգնաժամի համար ուղղակի պատասխանատվությունը դրել է Արևմուտքի և անձամբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վրա՝ եվրոպական կառույցներին մեղադրելով երկակի չափանիշների քաղաքականության մեջ։
«Հենց ձեր մեղքով է Հայաստանը վերածվել բաց երկնքի տակ գտնվող բանտի։ Ձեր թողտվությամբ ապօրինի քրեական հետապնդումների են ենթարկվում Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Չալաբյանը և իշխանության բոլոր մյուս քաղաքական ընդդիմախոսները։ Ձեր լուռ համաձայնությամբ հարձակումներ են իրականացվում Հայ առաքելական եկեղեցու դեմ, վերաշարադրվում է Սահմանադրությունը, քաղաքացիների ձայները գողացվում են, իսկ Ղարաբաղը վերջնականապես հանձնվել է։
Դուք այս ամենի վրա աչք եք փակում, որովհետև ձեզ համար միևնույն է ղարաբաղցիների ճակատագիրը, միևնույն է Հայաստանի ժողովրդի ճակատագիրը, և ճիշտ նույն կերպ միևնույն է նաև ուկրաինացի ժողովրդի ճակատագիրը, որին դուք վերածել եք աշխարհաքաղաքական բախումներում սակարկության առարկայի», – ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների այցը Երևան՝ զանգվածային քաղաքական բռնաճնշումների ֆոնին, նման է ավտորիտարիզմի ուղիղ հավանության։ Նա ընդգծել է, որ հասարակությունն այլևս չի հավատում մարդու իրավունքների մասին եվրոպական կարգախոսներին։
«Մենք հաստատակամ «ՈՉ» ենք ասում այս բռնապետությանը և բռնաճնշումներին։ Մենք «ՈՉ» ենք ասում եվրոպական ժողովրդավարության կեղծ երկակի չափանիշներին։ Մեր գլխավոր պահանջն այսօր Անդրանիկ Թևանյանին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին անհապաղ ազատ արձակելն է։ Ազատություն քաղբանտարկյալներին», – եզրափակել է Արեգնազ Մանուկյանը։
News.am
