Գրավը չեղարկելու և Արտեմ ու Արամ Խաչատրյանների նկատմամբ կալանք կիրառելու մասին դատարանի որոշումը հարված է արդարադատությանը, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը հայտնեց, որ առողջական խնդիրների պատճառով Արտեմ և Արամ Խաչատրյանները չեն կարողացել ներկա գտնվել այսօրվա նիստին, ինչի կապակցությամբ մեղադրողը միջնորդել է փոխել խափանման միջոց գրավը կալանքով։ Սարգսյանը նշեց, որ պաշտպանական կողմն առարկել է՝ ներկայացնելով բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ նրանց հակացուցված է թռիչքը, սակայն Խաչատրյանները կվերադառնան, հենց որ առողջական վիճակը թույլ տա։
Սարգսյանն ընդգծեց, որ 2 տարի ընթացել են դատական նիստեր, և չի եղել որևէ դեպք, որ Արտեմ և Արամ Խաչատրյանները բացակայեն նիստից, և այդ պատճառով նիստը հետաձգվի։ Նրա խոսքով՝ այդ ժամանակահատվածում, քանի որ կիրառված է եղել գրավ, նրանց թույլատրված է եղել նիստերի միջև ընկած ժամանակահատվածում բացակայել երկրից։ Արտեմ Խաչատրյանը գործարար գործունեության հետ կապված բազմիցս մեկնել է և վերադարձել՝ նախապես տեղեկացնելով դատարանին։ «Այսինքն՝ ոչ մի անգամ խնդիր չի առաջացել։ Եվ ահա այսօր (դատախազները) եկել են և, քանի որ շաբաթվա ընթացքում մի քանի նիստ չի կայացել, պնդում են, թե նրանք թաքնվում են դատարանից։ Մենք խնդրում էինք քննարկումը հետաձգել ընդամենը մինչև հուլիսի 7-ը՝ ընդամենը 5 օրով, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց համաձայն՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձինք կարող են միջնորդել իրենց բացակայությամբ նիստեր անցկացնելու մասին։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում հուլիսի 6-ից։ Եթե օրենքն արդեն ուժի մեջ մտած լիներ, մենք այսօր միջնորդություն կներկայացնեինք Արտեմ և Արամ Խաչատրյանների բացակայությամբ նիստն անցկացնելու մասին, և նիստը կշարունակվեր բնականոն հունով։ Մենք խնդրում էինք հետաձգել նիստը, մինչ այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեին, հնարավոր է՝ նաև իրենք վերադառնային։ Այն, ինչ տեղի ունեցավ, տևական կոլապս կստեղծի գործընթացում։ Դատարանը չի կարողանա ապահովել գործընթացի բնականոն ընթացքը, մարդիկ հետախուզման մեջ են, կալանք է կիրառված։ Պատկերացրեք, եթե վաղը նրանք ցանկանան ներկայանալ, քանի որ վիճակը կարգավորվել է, նրանց պետք է կալանավորեն այն մյուս երկրում, որտեղ գտնվում են, բարձրացնեն հանձնման հարցը, ինչը, ըստ գործող պրակտիկայի, խլում է 6-ից 8 ամիս։ Այսինքն՝ արհեստականորեն իրավիճակ ստեղծեցին, որպեսզի տապալեն գործընթացի բնականոն ընթացքը»,- հայտարարեց փաստաբանը։
Սարգսյանի խոսքով՝ քանի որ Խաչատրյանների դեմ գործընթացը սկսվել է ընտրություններից առաջ, և միաժամանակ փորձում էին կալանավորել Գագիկ Խաչատրյանին, ակնհայտ է, որ հետապնդվում են այլ նպատակներ, ոչ իրավական։ «Որովհետև եթե լինեին իրավական նպատակներ, միակ բանական որոշումը կլիներ նիստը հետաձգելը մինչև հուլիսի 7-ը. հուլիսի 7-ին, եթե անձինք ներկայացել են՝ շարունակել գործընթացը նրանց մասնակցությամբ, հակառակ դեպքում՝ շարունակել գործընթացն առանց նրանց՝ ըստ մեր միջնորդության։ Ի՞նչ շահեց արդարադատությունը։ Ոչինչ»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը։
Փաստաբանը հստակեցրեց, որ որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում, և հավելեց, որ Խաչատրյանների հետ կապված տարօրինակ իրավիճակները հազվադեպ չեն։ Քաղաքական գնահատականներ փաստաբանը չտվեց, բայց նկատեց. մեկ բան հստակ է՝ Արտեմ Խաչատրյանի նկատմամբ մեկ այլ գործով կալանավորման միջնորդություն է ներկայացվել մի արարքի կապակցությամբ, որը ենթադրաբար կատարվել է 2010 թվականին, այն քննվել է 2019 թվականին, հանցակազմ չեն գտել, և ահա նույն հիմքերով ընտրություններից մի քանի օր առաջ վերսկսել են՝ որոշելով, որ անհրաժեշտ է կալանավորել։ Նման կամայական որոշումը խոսում է այն մասին, որ նախադրյալները ոչ թե իրավական են, այլ նպատակները քաղաքական են կամ էլի ինչ-որ բան, որոնք ապագայում պարզ կդառնան, եզրափակեց Սարգսյանը։
News.am
