Հայաստանը պետք է միանա ՅՈւՆԵՍԿՕ-ի «Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանության մասին» կոնվենցիային։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ համապատասխան կոնվենցիայի վավերացման հարցի քննարկման ժամանակ, հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Իր ելույթում նախարարը նշել է, որ Կոնվենցիան ընդունվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին և ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 2-ին։
«Փաստաթղթի վավերացումը պայմանավորված է ստորջրյա մշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությամբ՝ որպես մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անբաժանելի մաս։ Ստորջրյա մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն ունի ժողովուրդների, քաղաքակրթությունների և պատմական գործընթացների ուսումնասիրման համար, քանի որ ներառում է մարդկային գործունեության նյութական մնացորդներ, որոնք երկար ժամանակ պահպանվել են ջրային միջավայրում։ Կոնվենցիայի նպատակն է ապահովել և ուժեղացնել ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանությունը», – ասել է Անդրեասյանը։
Ստորջրյա մշակութային ժառանգություն ասելով հասկացվում են մարդկային գոյության բոլոր հետքերը՝ լինեն մշակութային, պատմական կամ հնագիտական բնույթի, որոնք մասնակիորեն կամ ամբողջությամբ, պարբերաբար կամ մշտապես առնվազն 100 տարի գտնվել են ջրի տակ։ Կոնվենցիայի համաձայն՝ մասնակից պետությունները, առանձին կամ համատեղ, ըստ անհրաժեշտության, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ստորջրյա մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար՝ օգտագործելով այդ նպատակի համար առկա լավագույն գործնական միջոցները։
Կոնվենցիայի համաձայն՝ ստորջրյա մշակութային ժառանգությունը չպետք է ենթարկվի առևտրային շահագործման, վաճառքի կամ հատվածայնացման, իսկ դրա ուսումնասիրությունն ու օգտագործումը պետք է իրականացվեն գիտական, կրթական, մշակութային և հանրային շահերի շրջանակում։
Նախարարը նշել է, որ ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը կարևոր հարց է նաև Հայաստանի համար։ Այս ոլորտի փորձագետների կարծիքով՝ Սևանա լճում և Հայաստանի Հանրապետության մի շարք այլ ջրամբարներում կան մշակութային շերտեր, որոնք ենթակա են պահպանության՝ համաձայն Կոնվենցիայի։ Գերատեսչության ղեկավարը մեծ կարևորություն է տվել Հայաստանի՝ Կոնվենցիային միանալու հարցին։
Իր հերթին, «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարկ է համարել հետաքրքրվել՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունը պաշտպանում է երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական պատմական և մշակութային ժառանգությունը։
Սկզբում Անդրեասյանը հարցին ուղիղ չի պատասխանել՝ նախընտրելով տալ անորոշ պատասխան։ Սակայն պատգամավորը անզիջում էր և ուղիղ հասկացրել է, որ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական մշակութային ժառանգությանը։ Նա, մասնավորապես, ակնարկել է, որ Հայաստանի իշխանություններին դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Դա բավական նյարդային արձագանք է առաջացրել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մոտ, ինչը նա, ըստ էության, առանձնապես չի էլ փորձել թաքցնել։ Կառավարության ներկայացուցիչը, մասնավորապես, կոչ է արել պատգամավորին մտածել Հայաստանի ազգային շահերի մասին՝ հիշեցնելով, որ նման հուշարձաններ կան անմիջապես հենց Հայաստանում։ Վերջիններս, նրա խոսքով, պակաս ուշադրության և խնամքի կարիք չունեն։ Իսկ հանրապետության իշխանությունները, ինչպես նշել է նախարարը, կշարունակեն պաշտպանել հայ ժողովրդի մշակութային և պատմական ժառանգությունը երկրի սահմաններում։
News.am
