Նոր խորհրդարանի պատգամավորներն այլ տեքստով կերդվեն։ Դեռևս գործող 8-րդ գումարման Ազգային ժողովը իշխող «Քաղաքացիական պայամանագրի» կողմ ձայներով հաստատեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Երդման նոր տեքստում «համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները» առաջարկվում է փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով:
Երդման տեքստում ավելացել է՝ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):
Երդումը կավարտվի «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությամբ։
Նշենք, որ վերոնշալ նախադասությամբ է իր գրեթե բոլոր ելույթներն ավարտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրինագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
Sputnik Արմենիա
