Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 120 մլն դոլար վարկ կտրամադրի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։
ԵԱԶԲ ֆինանսավորումը կուղղվի կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման նախագծի իրականացմանը:
Բանկից նշում են, որ վարկային պայմանագիրը և համաձայնագիրը ԵԱԶԲ–ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում ստորագրել են ԵԱԶԲ–ի ավագ գործադիր տնօրեն Սերգեյ Իգնատովը և ԶՊՄԿ–ի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Վեդենինը:
«Ֆինանսավորումը կօգտագործվի արտադրական ցիկլի արդյունավետությունը բարելավելու նախագծի իրականացման համար։ Սա արտացոլում է ԵԱԶԲ-ի հիմնական գործունեություններից մեկը՝ մասնակցությունը տարածաշրջանում արդյունաբերական արդիականացման երկարաժամկետ ֆինանսավորմանը՝ հիմնվելով առկա ենթակառուցվածքների վրա»,– ասել է Իգնատովը։
Վեդենինն էլ նշել է, որ համաձայնագիրը կարևոր քայլ կլինի գործառնական արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման և արտադրության երկարաժամկետ կայունության ուղղությամբ:
Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Արդեն 20 տարի է` ԵԱԶԲ-ն աջակցում է անդամ երկրների տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և համակողմանի զարգացմանը: 2025 թվականի դեկտեմբերի վերջին ԵԱԶԲ-ի կուտակված պորտֆելում կա 326 նախագիծ, որոնց ընդհանուր ներդրումը կազմում է 19,6 մլրդ դոլար։ ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և սկզբունքներով:
Sputnik Արմենիա
