ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի հայտարարությունը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարելիք այցի մասին, խայտառակություն է: Այս մասին, Sputnik Գրուզիայի փոխանցմամբ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Թենգիզ Շարմանաշվիլին։
Ավելի վաղ Ուիլսոնը սոցցանցում գրել էր, որ «բռնապետ Խամենեիի հուղարկավորությունը միավորում է Ամերիկան ամենաշատն ատողներին ամբողջ աշխարհով մեկ, իսկ «Վրացական երազանքի» ֆեյք նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ծրագրում է ներկա գտնվել, որպեսզի խորացնի հակաամերիկյան միությունը Իրանի և «Վրացական երազանքի» միջև:
«Ջո Ուիլսոնը խայտառակ հայտարարություն է արել։ Նրանք, ովքեր գալիս են այնտեղ, Ամերիկայի թշնամինե՞րն են: Ուրեմն «Ամերիկայի հատուկ թշնամիների» ցուցակ կազմեք՝ Հայաստանի առաջնորդը, Ադրբեջանի ղեկավարությունը նույնպես թշնամինե՞ր են: Կարող եք այնտեղ զետեղել նաև Վրաստանը», – հայտարարել է Շարմանաշվիլին։
Պատգամավորն ընդգծել է, որ Իրանի հետ շփումները դիվանագիտական բնույթ են կրում և չեն ազդում Վաշինգտոնի հետ Թբիլիսիի հարաբերությունների վրա:
«Մենք գնում ենք Իրանի ժողովրդի մոտ այնպես, ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը։ Նրանք, ովքեր Թրամփի հետ համաձայնագրեր են ստորագրել, նույնպես այցելում են Իրան։ Դա չի ազդի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վրա», – նշել է նա։
Շարմանաշվիլիի խոսքով՝ Վրաստանը շարունակում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գիծը։
«Մենք ոչ ոքի չենք սպասում, այլ աշխատում ենք, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը տեղի կունենա…», – կարծում է նա:
Վրաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ Միխեիլ Կավելաշվիլին Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հուղարկավորությանը Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչների հետ միասին:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը, որը զոհվել էր 2026 թվականի փետրվարին Իրանի վրա ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով, կմասնակցեն շուրջ 100 պետությունների ներկայացուցիչներ:
Sputnik Արմենիա
