Логотип

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին և նրա կուսակցին. մանրամասներ

Բագրատ սրբազանը (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը) Երևանի քաղաքացիական դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներ Անի Խաչատրյանին և Հայկ Սահակյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արտուշ Ավագյան) հուլիսի 1–ին մասնակի բավարարել է Բագրատ սրբազանի ներկայացրած հայցն ընդդեմ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամների։

Դատարանի որոշմամբ` Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի կբռնագանձվի 750–ական հազար դրամ (ընդհանուր՝ 1,5 մլն դրամ)։

Ըստ դատավճռի` նրանցից յուրաքանչյուրից բռնագանձվող գումարից 300 հազարական դրամը սահմանվել է որպես վիրավորանքի, իսկ 450 հազարական դրամը՝ զրպարտության դիմաց վճարվող փոխհատուցում։

Բացի այդ, Անի Խաչատրյանից և Հայկ Սահակյանից հօգուտ Բագրատ սրբազանի յուրաքանչյուրից կբռնագանձվի 22. 500 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։

Նշենք, որ այս դատական հայցը ներկայացվել էր քաղաքական գործիչների կողմից սրբազանի հասցեին հնչեցրած վիրավորական և զրպարտչական հայտարարությունների պատճառով։

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի հայտնի դարձավ՝ Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը հայցեր էր ներկայացրել ՊՎԾ նախկին պետ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Վահագն Ալեքսանյանի, Արսեն Թորոսյանի, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանի, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի, քաղաքագետ Հարություն Մկրտչյանի, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և այլոց դեմ։

Բոլոր հայցերը ներկայացվել էին զրպարտության և վիրավորանքի հոդվածներով։

Հունիսի 10–ին դատարանը բավարարել է Բագրատ սրբազանի հայցն ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի` զրպարտության համար սահմանելով ոչ նյութական վնասի հատուցում: Դատարանն արձանագրել է, որ կա զրպարտություն և սահմանել է հատուցում 100,000 դրամ, թեպետ Բագրատ սրբազանը 3 միլիոն դրամ էր պահանջել։

Sputnik Արմենիա