«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը մամուլից է տեղեկացել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի մասին։
Հուլիսի 8–ին հայտնի դարձավ, որ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է տվել։
«Տեղյակ չեմ` ինչ գործի մասին է, մամուլից եմ տեղեկացել։ Ընդհանրապես չգիտեմ` ինչ է։ Որևէ կառույցից որևէ հրավեր չեմ ստացել, բոլոր երկրները հարցումներում պատասխանել են, որ իրենց երկրի քաղաքացի չեմ»,– ասաց Կարապետյանը։
Խոսելով ծառայությունից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթի մասին` նա շեշտեց, որ դրա հետ կապված այժմ որևէ խոսք չկա. մի քանի ամիս առաջ մի քանի անգամ իրավապահներն իրեն կանչել են, և վերջ։
Կարապետյանի պնդմամբ` այսօրվա Հայաստանում իրավական հիմքի բացակայությունը դեռ պատճառ չէ, որ քրեական վարույթ չհարուցվի։
Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ այսպիսով ցանկանում են կասեցնել իր մուտքը ԱԺ, Կարապետյանը պատասխանեց, որ այդ մասին էլ տեղեկություն չունի։ Նա վստահեցրեց` սին պլաններ ունի ՀՀ իշխանությունը։
Նարեկ Կարապետյանը շեշտեց, որ իրենք ԱԺ են գնում հասարակական գլխավոր նպատակը կատարելու` փոփոխություն անելու և մարդկանց կյանքը բարելավելու։
«Այնտեղ նստած իշխանականներից յուրաքանչյուրն իր ճակատին կրում է 50 000 ապացուցված գողացված ձայնի դրոշմը։ Մեզ համար կարևոր չէ, որ ԲՀԿ–ն չմտավ խորհրդարան, ու դրանով մենք մի քանի մանդատ ավելի ենք ստանում։ Կարևոր է լեգիտիմությունը»,– ասաց Կարապետյանը` անդրադառնալով ենթադրյալ կաշառքների վերաբերյալ իրենց հասցեին հնչող մեղադրանքների մասին։
Ինչ վերաբերում է ԱԺ–ում հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ ունենալու հանգամանքին, ապա Կարապետյանը շեշտեց` պետք է նայեն նպատակահարմարությանը. այս պահին դեռ քննարկումներ են ընթանում։ Պետք է հասկանան, թե այդ պաշտոնները ստանձնելը որքանով է օգնելու իրենց «կտրել ՔՊ–ի թևերը»։
Sputnik Արմենիա
