Логотип

Ոչ թե իրավական որոշում, այլ քաղաքական ուղերձ․ Մելոյանը՝ Մանուկյանի կալանքի մասին

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորումը ոչ թե իրավական որոշում է, այլ քաղաքական ուղերձ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։

Հունիսի 9-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ) բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արեգնազ Մանուկյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ՀՀ քննչական կոմիտեն։

«Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում.․․ Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»,- գրել է Մելոյանը։

Իրավապաշտպանը հիշեցրել է, որ Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկվել էր նաև շաբաթներ առաջ՝ հունիսի 12-ին, որից հետո նա որևէ կերպ չէր փորձել խուսափել քրեական հավանական հետապնդումից։ Մելոյանը նաև ընդգծել է, որ Մանուկյանը 2 երեխաների մայր է, որոնցից մեկն անչափահաս է, ինչը ևս մեկ հանգամանք էր խափանման միջոցներից ամենածանրը չկիրառելու համար։

«Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է, իսկ նրա նկատմամբ կիրառված անհամաչափ խափանման միջոցը՝ կալանքը, հերթական հարվածը իրավական պետությանը։ Քաղաքական այլակարծությունը հանցագործություն չէ, ընդդիմախոսին լռեցնել էլ արդարադատություն չէ»,- եզրափակում է Մելոյանը։

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեջ։ Նա հենց երեկ դատարանի դահլիճից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ։

Sputnik Արմենիա