Логотип

Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջրին». նա կոչով դիմել է քաղաքացիներին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դատի տալ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Նա ջրի խնդրի մասին խոսել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում։

Հովհաննիսյանը նշել է, որ պարբերաբար տարբեր բնակավայրերից ջրի նմուշառումներ են արվել, և փորձաքննություններ են անցկացվել։

«Ամռանը, երբ ջուրը չի բավականացնում, այսպես ասած, Գառնու ջրերին սկսում են խառնել արտեզյան ջուրը, որի կոշտությունը բարձր է։ Արինբերդի ջրամբարում, Խարբերդի ջրամբարում և մնացյալ տեղերում արդեն արտեզյան ջուրը սկսել են խառնել։ Դա բերել է նրան, որ տարբեր բնակավայրերում կոշտության ցուցանիշը սկսել է գերազանցել առողջապահության նախարարության կողմից սահմանված ու դեռևս գործող ցուցանիշը»,- ասում է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին վճարում է սահմանված ցուցանիշներին չհամապատասխանող ջրի համար ու կարող է դիմել դատարան և վիճարկել ամբողջ գործընթացը։

Հովհաննիսյանը ՀՀ քաղաքացիներին և հետաքրքրված իրավաբաններին հորդորում է միանալ այս գործընթացին։ Նրանք, ովքեր դժգոհում են ջրի որակից, կարող են գրել իրեն, որ ջրի նմուշառում արվի։

Հովհաննիսյանը ևս մի խնդիր է բարձրացնում` «Վեոլիա Ջուրը» հայտարարում է, որ մեծ ջանքեր գործադրելու արդյունքում ջրի կորուստները պակասել են, սակայն խնդիրներ կան աղբյուրներում, որտեղ ջրերը պակասել են։ Նա դիմում է տեսչական մարմիններին և մյուս շահագրգիռ գերատեսչություններին և հարցնում` այս խնդիրն ուսումնասիրվե՞լ է։

«Գուցե ջուրը չի պակասել, այլ չափիչները պատշաճ չեն աշխատում, որ ֆիքսեն՝ իրականում ինչ ջուր է ստացվում ՀՀ քաղաքացու համար»,- ասում է Հովհաննիսյանը։

Նա նշում է` խնդիր է ոչ միայն ջրի որակը, այլև ջրամատակարարման գրաֆիկից շեղումը։ Թեպետ նախընտրական շրջանում խոստացվել էր, որ ջրամակատարարման գրաֆիկը կբարելավվի, սակայն ընդամենը «կոսմետիկ մի երկու փոփոխություն արվեց», ու ՀՀ քաղաքացին շարունակաբար ավելի քիչ ջուր է ստանում հատկապես ամռան ընթացքում։

Հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։

Նույն օրը «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարեց, որ ջրի լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում։

Sputnik Արմենիա