Логотип

ԿՐԿԻՆ ԱՎՏՈՊԻԼՈՏՈ՞Վ

Մինչ Հայաստանի տնտեսությունը շարունակում է ցուցաբերել սպասվածից ավելի բարձր արդյունքներ, Ռուսաստանի հետ հարաբերություններում վերջին քաղաքական զարգացումները շարունակում են մտահոգություն հարուցել՝ ստիպելով կառավարությանը միջամտել արտահանողներին աջակցելու համար: Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամփոփագրում, հաղորդում է ԱՌԿԱ-ն։

«Ապրիլի վերջից Ռուսաստանն աստիճանաբար ավելացրել է հայկական գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման արգելանքը։ Եթե այդ արգելանքը շարունակվի և ընդլայնվի` առանց մեղմացման միջոցառումների, ապա բացասական ազդեցությունները կարող են տարածվել` դուրս գալով լոկ առևտրի շրջանակից և անդրադառնալով աճի, գների և սոցիալական վիճակի վրա»,- նշվում է ամփոփագրում։

Մատնանշվում է նաև, որ այդ հնարավոր ազդեցությունը մեղմելու համար կառավարությունը սուբսիդավորման միջոցառումներ է նախատեսել հայկական արտահանողներին օժանդակելու համար` փոխհատուցելու այլընտրանքային շուկաներ, այդ թվում` ԵՄ նրանց ապրանքների փոխադրման և մաքսային ծախսերը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԴԵՌ ՆՈՐ ԷՐ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ՀԲ փորձագետների Հայաստանի համար տագնապահարույց այդ ամփոփագիրը, երբ հայտնվեցին հաղորդագրություններ, որոնք վկայում են, որ ռուսական կողմը մտադիր չէ դադարեցնել արգելիչ գործողությունները Հայաստանից ներկրման նկատմամբ: Նախևառաջ նշենք, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածել է, որ առկա է Հայաստանից ռուսական շուկա ծաղիկների ներկրման վերաարտահանման սխեմա Իրանի միջոցով։ Գերատեսչությունը («Ռոսսելխոզնադզոր»-ը) դիմել է իրանական կողմին՝ Ռուսաստան արտահանման համար ծաղիկների սերտիֆիկացումը դադարեցնելու խնդրանքով: Իսկ փաստարկավորված է խնդրանքը հետևյալ կերպ. «2026 թվականին Իսլամական Հանրապետությունից մատակարարումների ծավալը զգալիորեն գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Փաստաթղթերում ծագման երկիր է նշված Իրանը։ Ընդ որում արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման առանձնահատկություններով այն նույնական է Հայաստանից առաքվողին։ Մինչդեռ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների մատակարարումը արգելված է մայիսի 22-ից»։

Գերատեսչությունից հավելել են, որ «Ռոսսելխոզնադզոր»-ն ավելի վաղ տեղեկացրել էր Իրանին հայկական ծաղկային արտադրանքի նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումների մասին: Իրանական կողմից պատասխան չստանալու պատճառով ծառայությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքների բուսասանիտարական բարօրության պահպանման և «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից սահմանված արգելքների ու սահմանափակումների պահպանման նպատակով խնդրել է դադարեցնել տեղական ծաղկային արտադրանքի հավաստագրումը մինչև երկկողմ բանակցությունների անցկացում և հարցի պարզաբանում:

Կփարատվեն արդյոք այդ կասկածները, թե կհաստատվեն՝ ժամանակը ցույց կտա։ Իսկ առայժմ ակնհայտ է, որ ռուսական կողմը բացառիկ համառություն է ցուցաբերում հայկական արտադրանքի ՌԴ ներմուծման արգելանքի պահպանման հարցում։ Այստեղ վերադառնանք ՀԲ-ի ամփոփագրում տեղ գտած հետևյալ ձևակերպմանը. «Եթե արգելանքը շարունակվի և ընդլայնվի…»: Ահա ուրեմն, «եթե»-ն այստեղ բնավ տեղին չէ, քանզի այժմ «արդեն» է: Արգելքներն արդեն շարունակվում են և ընդլայնվում։

Եվ ընդլայնվում են այնպես, որ դուրս են գալիս գյուղատնտեսական արտադրանքի շրջանակներից։ Օրերս հայտնի դարձավ ևս մեկ սահմանափակման մասին։ Հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակրեդիտացիա») հուլիսի 10-ից առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի վավերականությունը: Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի չորս սերտիֆիկատ և սննդամթերքի մեկ հայտարարագիր տված «ԱՐՄՏԵՍՏ» և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ների մասին է: Փաստորեն, այժմ ՌԴ արտահանման հետ կապված խնդիրներ ունեն նաև տեղական թեթև արդյունաբերության ձեռնարկությունները։

ԱՅՍՊԻՍՈՎ, ՀԲ-Ի ՄՌԱՅԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԴԱԺԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Եվ ստեղծված իրավիճակը նույնիսկ ոչ թե կարող է բացասական ազդեցություն ունենալ տնտեսական աճի, գների և սոցիալական պայմանների վրա, այլ հաստատ կունենա։ Կրկնեմ, ռուսական կողմը, դատելով ամենից, լոկ թափ է հավաքում սահմանափակումների առումով։ Իսկ ահա այստեղ ուշադրություն դարձնենք ՀԲ-ի ամփոփագրի մեկ այլ ձևակերպմանը. «առանց մեղմացման միջոցառումների»։ Փորձագետների տրամաբանությունը պարզ է և հասկանալի։ Նրանք փաստացի ասում են, որ իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում երկրի տնտեսության և նրա քաղաքացիների համար վատ կլինի, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն։ Սկզբունքորեն իրավիճակն իրականում ճգնաժամային է, նույնիսկ ֆորս-մաժորային, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն այսօր խզում է կապերը հիմնական առևտրատնտեսական գործընկերոջ հետ։

Մնում է միայն հասկանալ, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ կառավարությունն իրավիճակը կարգավորելու համար, և որքանով են այդ միջոցները համարժեք առաջացած խնդրի ծավալներին։ Ընդհանրապես որևէ գաղափարներ ունի՞ արդյոք կառավարությունն այս վիճակից ելքի վերաբերյալ։ Ասենք, սրանք հռետորական հարցեր են: Կառավարությունը շարժվում է ավտոպիլոտով, ինչպես միշտ, երբ երկիրը մտնում է մրրկայնության գոտի։

Իհարկե, կանխատեսումներն անշնորհակալ գործ են։ Բայց այդուհանդերձ կարելի է ենթադրել, որ ՀԲ-ի հաջորդ ամփոփագրերում գնահատականներն ավելի ճնշող կլինեն, և փորձագետները կընդգծեն այն փաստը, որ իրենք զգուշացրել էին…