Իրանի զինված ուժերը դադարեցրել են պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ–իռազմական օբյեկտներին՝ Իրանի վրա ամերիկյան հարձակումների դադարեցումից հետո: Այս մասին, «Fars»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
Ավելի վաղ «Axios» հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով 13 օր անընդմեջ շարունակվող հարձակումների շարքը:
«Հարձակումները (ԱՄՆ–խմբ.) դադարել են։ Քանի որ մեր ռազմավարությունը պատասխան բնույթ է կրում, Իրանի հակահարձակողական գործողությունները նույնպես դադարել են»,– հայտարարել է Աքրամինիան։
Մինչդեռ, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը նշել է, որ իշխանություններն անպատասխան չեն թողնի Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը:
«Ցանկացած կետ, որտեղից ագրեսիա է իրականացվում մեր երկրի և մեր տարածքի դեմ, անկասկած, կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը, և Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողություններն անպատասխան չեն մնա»,– հայտարարել է իրանցի խորհրդարանականը:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Sputnik Արմենիա
