Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՊՐՈՏԵԿՏՈՐԱՏՆ Է
Մի իրավիճակում, երբ Հայաստանը չունի երկկողմ, ոչ միջնորդավորված հարաբերություններ աշխարհի որևէ երկրի, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Որոշեցի աշխարհաքաղաքականության վերաբերյալ շարք գրել՝ գիտակցելով, որ ներքին քաղաքականությունը դադարել է գոյություն ունենալ որպես այդպիսին: Գուցե վերադառնամ դրան, բայց այս պահին ինձ այլ բան է անհանգստացնում: Մենք կորցրել ենք մեր սուբյեկտությունը: Մենք ներքին քաղաքականությունը պատվիրակել ենք Ատելության և Պառակտման Առաքյալին՝ թույլ տալով, որ քաոսը որոշի մեր երկրի ապագան: Մենք կորցրել ենք մեր սուբյեկտությունը արտաքին քաղաքականության մեջ՝ ստորաքարշությամբ ենթարկվելով բոլորի և ամեն ինչի պահանջներին և չակնարկելով մեր շահերի մասին: Այսօրվա դրությամբ մեր երկրի կարգավիճակը պրոտեկտորատն է: Փառք Աստծո, որ Հայաստանի սահմաններին չնչին վտանգի դեպքում ռուսական եռագույնն է հայտնվում: Բայց մենք պետք է երեք հարց տանք մեզ՝ որքան է սա շարունակվելու, ինչ գին ենք վճարելու սրա համար և, որ ամենակարևորն է՝ ով և երբ է որոշում, թե ինչն է վտանգավոր, ինչը` ոչ: Մի օր, միգուցե, կրկին սույեկտություն ձեռք բերենք: Իսկ մինչ այդ ես հիմնականում գրելու եմ աշխարհաքաղաքականության մասին, քանի որ հենց այս ասպարեզում է որոշվելու մեր ապագան:
Հայաստանի սուբյեկտությունը կարող է վերադարձնել միայն երկրի իսկական տերը` ժողովուրդը: Ժողովուրդ, որ Նիկոլին մանդատ է տվել նրա կատարած բոլոր հանցագործությունների համար, ժողովուրդ, որ առաջին հայացքից ներել է նրան ամեն ինչ, ժողովուրդ, որ պահանջում է իր փրկությունը, սակայն այնպես, որ հնարավորինս քիչ մասնակցի այդ փրկությանը։ Գիտակից դիտարկողը կգիտակցի, որ դա անհնար է, և քանի դեռ ժողովուրդը գերադասում է, որ իրեն հնարավորինս քիչ անհանգստացնեն, նա հեռանում է քաղաքական գործընթացից՝ վերածելով, վերափոխելով այն աշխարհաքաղաքականի:
Իսկ աշխարհաքաղաքականության հետ կապված իրավիճակը մեզ մոտ շատ վատ է: Հայկական քաղաքական դաշտի երկու հակադիր գաղափարախոսությունները՝ արևմտամետ և ռուսամետ, ստիպված հանդուժում են Նիկոլին՝ հասկանալով, որ կողմերից ոչ մեկը ուժ չունի վերջնական հաղթանակի, իսկ թույլ, ոչ լեգիտիմ, նյարդայնացած թաթիկներով սողացող Նիկոլը միջժամանակային իդեալական առաջնորդ է։ Արևմուտքից կերակրվող և բոլոր նյարդերով նրա հետ սերտաճած իշխանությունը իրեն հարմարավետ է զգում ռուսական կարճ վզաթոկով: Այս հարկադիր երկփեղկումը խորանում է նրանով, որ հետխորհրդային տարածքում Արևմուտքը սովոր է աշխատել ընդդիմության հետ՝ մանևրի ազատությունը գերադասելով պարտավորություններից, մինչդեռ Ռուսաստանը պատմականորեն խուսափում էր ընդդիմության հետ բացահայտ աշխատելուց՝ նախընտրելով աշխատել ցանկացած, նույնիսկ երբեմն իր հանդեպ թշնամաբար տրամադրված կառավարության հետ: Տորթի վրայի բալը պատմականորեն դեպի Ռուսաստան ձգտող ժողովրդի սպասումներն են, որն այնուամենայնիվ ընտրել է հակառուսական իշխանություն և այժմ վատ թաքցրած հույսով նայում է դեպի Հյուսիս:
Ոչ պրոֆեսիոնալիզմի, ստի, կեղծավորության և ուռճացված սպասումների հետ կապված հակասությունների այս ամբողջ հանգույցը սպասում է, որ իրեն կտրեն՝ քանդել այն այլևս հնարավոր չէ: և, բարեբախտաբար թե դժբախտաբար, այն կտրելու են համաշխարհային աշխարհաքաղաքական խաղացողները: Արևմուտքն ու Ռուսաստանը դեռ չեն գտել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձևերը՝ ստիպելով Հայաստանին՝ այս քաղաքականության օբյեկտին, սպասել: Մի իրավիճակում, երբ Հայաստանը այլևս չունի երկկողմ, ոչ միջնորդավորված հարաբերություններ աշխարհի որևէ երկրի, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը:
Դե, ինչպես արդեն գրել եմ ամենասկզբում, սա աշխարհաքաղաքականության վերաբերյալ հոդվածների շարքի սկիզբն է:
Սպասեք»: