«Ժողովուրդ». ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՈՒ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԷԼ ԱՎԵԼԻ ԵՆ ԼԱՐՎԵԼ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու ՔՊ-ականների հարաբերությունները վերջին ամիսներին էլ ավելի են լարվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, թե գործադրի ներսում հույս են ունեցել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարությունյանին մեկ այլ տեղ կգործուղի, ու իրենք «կազատագրվեն» նրանից: Ի սկզբանե, հիշեցնենք, ՀՀ նախագահի պաշտոնում իշխանությունը հենց նրա անունն էր շրջանառում:

Մեզ հասած տեղեկություններով՝ Փաշինյանին թիմակիցների մասին համար առաջին տեղեկություններ փոխանցողը Հարությունյանն է, ում խորհուրդներին էլ անսալով՝ վարչապետը նկատողություններ է անում կամ որոշում՝ ում իր «սև ցուցակում» ներառել:

«Հարությունյանը խառնվում է գրեթե բոլորի գործերին, հրահանգներ իջեցնում նախարարին ու ոչ միայն: Հատկապես ՔՊ վարչության ներկայացուցիչները, որ անվստահություն ունեն Հարությունյանի նկատմամբ, մոտ 5-6 ամիս որևէ շփում չունեն նրա հետ: Բոլորն էլ փորձում են Փաշինյանի հետ ուղիղ շփվել. հասկացել են, որ Արայիկ Հարությունյանը բոլոր ինֆորմացիաները վարչապետին իր նախընտրելի սոուսով է մատուցում:

Հատկապես կրթությանը վերաբերող հարցերում ասես չհամակերպվելով նախարարի պաշտոնը կորցնելու հետ՝ անում է հնարավորն իր ասածն առաջ տանելու համար. «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մերձկառավարական աղբյուրները»:

News.am