Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԴԵՌԵՎՍ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

Հայաստանի իշխանությունները կարող էին պատերազմը Ղարաբաղում զգալիորեն ավելի շուտ կանգնեցնել։ Փակ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին անձամբ ինձ, և ոչ միայն ինձ, տեղեկացրել է, որ ռուսական կողմից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է ստացվել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հունիսի 21-ին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով նախագահ Վահագն Խաչատուրյանի վերջերս արած հայտարարությունը, որը վերաբերում էր Ղարաբաղում պատերազմի թեմային։

Ինչպես նշել է ընդդիմադիրը, մարտական գործողությունները դադարեցնելու առաջարկ եղել է նաև իր կողմից։ Շարմազանովն իր կարծիքը հնչեցրել է առաջին փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին։ «Այն ժամանակ ես նրան առաջարկեցի դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով և համաձայնել ռուսական կողմի առաջարկներին։ Չէ՞ որ մարդկային և տարածքային նոր կորուստների հավանակնությունն ավելանում էր։ Նիկոլ Փաշինյանն իմ առաջարկը բացասական չի ընդունել։ Կարելի է անգամ ասել, որ դրական է պատասխանել և համաձայնել է։ Բայց խնդիրն այն է, որ մի ամբողջ շաբաթ նա ռուսներին չի դիմել... Հոկտեմբերի 19-ին նրան ուղիղ հարց են տվել. «Մենք պարտվե՞լ ենք»։ Նա ի պատասխան խոստովանել է, որ այո, սա պարտություն է։ Ասել է, որ մենք ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու հնարավորություններ չունենք։ Ուրեմն, ինչո՞ւ նա պատերազմը չկանգնեցրեց դեռևս հոկտեմբերի 19-ին։ Կարծում եմ, որ այդ մասին միայն իրեն է հայտնի։ Բազմաթիվ վարկածներ կան»,- ասել է ՀՀԿ-ի մամուլի քարտուղարը։

Գործող իշխանությունը, նրա կարծիքով, ինքնուրույն չէ։ Այդ քաղաքական թիմը, ընդդիմադրի կարծիքով, փորձում է միայն բոլորին հարմարվել։ Խոսքը խոշոր աշխարհաքաղաքական խաղացողների մասին է, ինչպիսին են ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Ռուսաստանը։

News.am