Սերգեյ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ․ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԵՅՍՄԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՐԱ

Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և մեծ վնասներ է հասցրել:

«Թուրքական ցանցի վերջին ճշգրտումներով երկրաշարժի մագնիտուդը 7,8 է եղել: Համեմատելու համար նշեմ, որ Սպիտակի երկրաշարժը եղել է 7,0: Երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդի դեպքում 10 բալից ավելի է՝ մոտ 11 բալ: Եթե հաշվի առնենք, որ խորությունը մասնագետները գնահատում են 7-ից 10 կիլոմետր, ուրեմն ավերածությունների մասշտաբը շատ մեծ կլինի: Երկրաշարժը որոշ չափով ընդգրկել է նաև Սիրիայի տարածքը. ավերվածության գոտին հասել է մինչև Հալեպ: Հետևանքները շատ ծանր կլինեն Թուրքիայի և Սիրիայի համար թե մարդկային, թե նյութական կորուստների տեսակետից: Զոհերի թիվը հայտնում են դուրս բերված դիերի քանակով: Ես համոզված եմ, որ այդ թիվը շատ մեծ կլինի: Զոհեր կան նաև Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում՝ մինչև Հալեպ ընկած տարածքներում»,- ասաց սեյսմոլոգը:

Մասնագետը նշեց, որ Թուրքիայի հարավ-արևելյան մասում՝ Կիպրոսից դեպի Թբիլիսի ձգվող ուղղությամբ, բեկվածք է անցնում, որը կոչվում է Արևելա-անատոլիական բեկվածք. այն ծնում է ուժեղ երկրաշարժեր՝ մինչև 11 բալ ուժգնությամբ: Փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը հենց այս բեկվածքի հետևանքն է:

«Արևելա-անատոլիական բեկվածքը բավականին հայտնի է ուժեղ երկրաշարժեր ծնելու իր պոտենցիալով և զիջում է Հյուսիս-անատոլիական բեկվածքին: Հյուսիս-անատոլիական բեկվածքի մի փոքր ճյուղերից մեկը Անիից մտնում է դեպի Գյումրի և դուրս է գալիս Սպիտակի օջախային գոտի, բայց հավանականությունը, որ այդ ճյուղը կաշխատի և Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ կլինի, շատ ցածր է և նույնիսկ անհավանական է»,- ասաց նա:

Սեյսմոլոգն ընդգծեց, որ Հայաստանը այս երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է: «Այս տեսակետից ես համոզված եմ, որ Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա»:

Սերգեյ Նազարեթյանն ասաց, որ Հայաստանի տարածքում միլիոնավոր տարիներ եղել են ուժեղ երկրաշարժեր և պարտադիր կլինեն, քանի որ դրանք երկրաբանական գործընթացներ են, որոնք տևում են միլիոնավոր տարիներ: Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ակտիվությանը՝ նա ընդգծեց, որ ունենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի՝ միշտ ակտիվ օջախային գոտին, որտեղ դեռևս հետցնցումները չեն մարել, շարունակվում են:

«Ունենք ցրված սեյսմիկություն: Գիտեք՝ երկրաշարժեր եղան Շորժայում, Երևանի մոտ, Հայաստանի հարավում, իսկ Ջավախքի սեյսմոակտիվ գոտին միշտ աշխատում է, որը Կովկասում ամենամեծ թվով երկրաշարժերի յուրահատուկ գոտի է, բայց, բարեբախտաբար, թույլ երկրաշարժերի գոտի է, ուժեղ երկրաշարժեր չեն գրանցվում»,- ասաց նա:

Մասնագետը վստահեցրեց, որ իրենք հետևում են, թե՛ սեյսմիկ իրավիճակին, և թե՛ հատկապես երկրաֆիզիկական, երկրաքիմիական հիդրոդինամիկական դաշտերին, ունեն բավականին ստացիոնար կայաններ և հետևում են անոմալ փոփոխություններին, եթե անոմալիաներ դիտվում են, իրենք փորձում են դրանց միջոցով կանխատեսումներ անել:

Անդրադառնալով տարածվող խոսակցություններին, որ հնարավոր է՝ ամեն տարի նույն օրը երկրաշարժ լինի, Նազարեթյանն ասաց, որ երկրաշարժերի պարբերականության մասին խոսելը սխալ է: Նա նշեց, որ 20-րդ դարում Հայաստանի տարածքում եղել է 4 ուժեղ երկրաշարժ, բայց կարող է լինել մի ժամանակաշրջան, որ ուժեղ երկրաշարժեր չլինեն: Այնպես որ, ըստ մասնագետի, այստեղ օրինաչափություններ գտնելը հաճախականությունից, պարբերականությունից ելնելով՝ սխալ է:

«Արմենպրես»