Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆՈՐ ԾՐԱԳԻՐ, ՈՐԻ «ԳԱՂԱՓԱՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ» ՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ Է ԵՂԵԼ

Էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու նպատակով Ադրբեջանը շարունակում է ճնշումներն Արցախի բնակչության նկատմամբ: Դրանք աստիճանաբար խորանում են՝ ստանալով տարբեր դրսևորումներ: Արդեն 8-րդ օրն է, ինչ Արցախն ապրում է լիակատար շրջափակման պայմաններում: Այստեղ մենք չենք ստանում ո’չ դեղորայք, ո’չ առաջին անհրաժեշտության ապրանքներ, ո ՛չ սնունդ: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ու շարունակում.

«Կենսական բոլոր ենթակառուցվածքների գործունեությունը ևս խափանված է: Դեռ հունվարի 9-ից ադրբեջանական կողմի միջամտությամբ կտրված է Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, ընդհատված է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, վառելիքի բացակայության պայմաններում գրեթե անհնար է դարձել շրջաններից դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ և հակառակը տեղաշարժը:

Այս անելանելի թվացող իրավիճակում ուզում եմ խոսել մի փոքր ծրագրի մասին, որը ջերմացնում է: «Մենք ենք մեր սարերը» գործակալությունն Արցախում սկսել է նոր ծրագիր, որի շրջանակում Ստեփանակերտում, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում 70-ից ավելի մանկապարտեզներում և առողջապահական հաստատություններում արևային ջրատաքացուցիչներ են տեղադրվելու: Սա նշանակում է, որ անկախ հոսանքազրկումից ու գազազրկումից՝ այս կարևոր սոցիալական հաստատություններն ունենալու են տաք ջուր այլընտրանքային եղանակով՝ արևային էներգիայի շնորհիվ: Սա ևս այն ծրագրերի թվում է, որի «գաղափարի հեղինակը» շրջափակումն է եղել: Փոքրամասշտաբ ծրագիր է, բայց չեզոքացնում է ադրբեջանական կողմի ջանքերի ազդեցությունը առնվազն 70 հաստատության համար:

Այս օրինակը բերելով՝ ուզում եմ ասել, որ կարող ենք: Կարող ենք դիմակայել, կարող ենք պահպանել Արցախը, եթե գործենք խելացի, գտնելով ոչ ստանդարտ, «այլընտրանքային» լուծումներ, ոչ համաչափ, բայց ուժեղ պատասխաններ, որոնք հակառակորդին ստիպելու են հաշվի նստել մեզ հետ: Ամեն ինչ մեր ձեռքերում է»,- գրել է Վարդանյանը:

Verelq.am