Последние новости

Փաշինյան․ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ

ՀՀ կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դա բոլոր իրավունքները պաշտպանելու հնարավորություն կտա նրանց։ Որոշման էությունն այն է, որ դրանով մենք հաստատում ենք ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումներով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքներն ավելի ընդլայնվեն»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ այդ որոշման ընդունումից հետո ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Մենք հնարավոր արագ ձևերով այդ հարցերը կլուծենք»,– վստահեցրեց Փաշինյանը։

Դա կհաստատվի կառավարության որոշմամբ, ոչ թե օրենքով, որովհետև, ըստ նրա, օրենք ընդունելու տևողությունն ավելի երկար է, քան կառավարության որոշումը։ Այդ պատճառով, նրա համոզմամբ, օգտագործել են և օգտագործում են ՀՀ կառավարության որոշումները, որոնք գոնե կարճաժամկետ առումով հասցեագրում են հարցերը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե արդյոք ՀՀ կառավարությունն արցախցիներին վերաբերող որոշումները քննարկում է Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական ներկայացուցիչների հետ, Փաշինյանը պատասխանեց` քննարկումներն արվում են ՀՀ–ում որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող շրջանակների հետ։

«ՀՀ կառավարությունը ՀՀ պետական ինստիտուտների կողմից կայացվելիք որոշումները քննարկում է այն ինստիտուտների և շրջանակների հետ, որոնք ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ ունեն լիազորություններ ՀՀ–ում կայացնելու որոշումներ»,– ասաց ՀՀ վարչապետը։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ