Հայկական բեռնատարների մի մասին Վերին Լարսից հետ են ուղարկել. ինչո՞վ են դա բացատրում ՌԴ իշխանությունները
Ներկա պահին կա այն խնդիրը, որ հայկական բեռնատարների մի մասին հետ են ուղարկել, մի մասն սպասում է փորձաքննության արդյունքներին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Վերին Լարս» անցակետում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ հայկական բեռնատարները խցանման մեջ են մնացել «Վերին Լարս» անցակետում։ Վարորդները տեղեկացրել էին, որ մաքսատան աշխատակիցները իրենց տարբեր պատճառներ են նշել՝ եղանակային պայմաններից մինչև փաստաթղթերի հետ կապված խնդիրները։ Իրենք՝ վարորդները, կարծում են, որ պատճառը լարվածությունն է, որն առաջացել է հայ-ռուսական հարաբերություններում։
Վահան Հակոբյանի խոսքով՝ Ռուսաստանում ֆիտոսանիտարական ստուգում կատարող մարմինը («Ռոսսելխոզնադզորը») «Վերին Լարս» անցակետում իրականացնում է Ռ մտնող բեռնատարների ուժեղացված վերահսկողություն։
«Ռոսսելխոզնադզորում» հայտնել են, որ ուժեղացված ստուգումը իրականացվում է ոչ միայն «Վերին Լարս» անցակետում, այլև այլ անցակետերում, և ուժեղացել է ոչ միայն հայկական բեռնատարների, այլև այլ բեռնատարների ստուգումը, որոնք ենթակա են ֆիտոսանիտարական ստուգման»,- նշել է նա։
«Ես, Հայաստանի պետեկամուտների կոմիտեի, էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի պարենամթերքների տեսչական մարմնի աշխատակիցները, ակտիվորեն աշխատում ենք գործընկերների հետ, որպեսզի խնդիրն արագ լուծվի»,- ավելացրել է Հակոբյանը։