ԱԿՑԻԱ ԲՈՆՆՈՒՄ՝ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ՀԱՅ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիայի ընթացքում կոչ են արել Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար կալանքի տակ պահվող հայ քաղբանտարկյալներին, այդ թվում՝ ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանին:
Այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ նրանք դիմել են Բոննում հավաքված՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակից երկրների պատվիրակներին՝ կոչ անելով դեմ հանդես գալ այս տարեվերջին COP29-ի՝ Ադրբեջանում անցկացմանը։ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ COP29-ը նվիրված է լինելու խաղաղությանը, մինչդեռ դա անհնարին է, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ բանտարկյալները շարունակում են պահվել Բաքվի բանտախցերում: Ձևացնել, թե դա այդպես չէ, կնշանակի, որ Ադրբեջանը շարունակում է հայ ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացումը, նշել են ակցիայի մասնակիցները։
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականը վերլուծելով 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումները, երբ ձերբակալվեց նաև Ռուբեն Վարդանյանը, ահազանգել է աշխարհին «ցեղասպանության և դրա հետ կապված դաժան հանցագործությունների ռիսկի մասին»: Մասնակցելով և աջակցելով COP29-ին, քանի դեռ հայ բանտարկյալները գտնվում են անօրինական կալանքի տակ, աշխարհը թույլ է տալիս Ադրբեջանին մաքրագործել իր հանցագործությունները, որոնք չեն սահմանափակվում միայն հայերի դեմ կատարվածով, այլև իրականցվում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ: Human Rights Watch-ի զեկույցի համաձայն՝ «վերջին մեկ տարում առնվազն 25 անկախ լրագրող և քաղաքացիական ակտիվիստ է ձերբակալվել և նրանք բոլորը դեռ բանտում են»:
COP29-ի մոտենալը՝ FreeArmenianPrisoners շարժումը և նրա աջակիցներն ու գործընկերները կշարունակեն բարձրաձայն ուշադրություն հրավիրել ադրբեջանական կառավարության անօրինական գործողությունների վրա և կոչ անել լրատվամիջոցներին՝ իրազեկելու բոլոր հայ բանտարկյալների և հայ ժողովրդի տառապանքների մասին:
Այս ջանքերը համակարգելու համար FreeArmenianPrisoners-ը ստորագրություններ է հավաքում առցանց պահանջագրի միջոցով՝ կոչ անելով ազատ արձակել բանտարկյալներին։
Բողոքի ցույցերի մասին
2024 թվականի հունիսի 7-ին Բոննում նախատեսված համատեղ գործողությունները համակարգում են FreeArmenian Prisoners շարժման, Գերմանահայերի կենտրոնական խորհրդի (ZAD), Սպառնալիքի տակ գտնվող անձանց հանրույթի (GfbV), Մարդու իրավունքների միջազգային ընկերակցության (ISHR) և «Ճանաչումը՝ ցեղասպանության դեմ՝ հանուն միջազգային փոխըմբռնման» (AGA) աշխատանքային խմբի ակտիվիստները:
Բոլոր կազմակերպությունները միանում են 23 հայ բանտարկյալներին ազատ արձակելու և Ադրբեջանի կողմից COP29-ի անցկացումը բարձրաձայն ու հրապարակային կերպով քննադատելու կոչերին։