«ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ ՀՀ կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրի իրատեսականությունը մտահոգիչ է
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։
2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվել է բավական բարենպաստ տնտեսական միջավայրում, սակայն արդեն 2024թ. մայիս ամսից տեսանելի են իրավիճակի կտրուկ վատթարացման նշաններ (գրեթե կրկնակի նվազել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, կտրուկ դանդաղել է արդյունաբերության աճը, ոսկերչական գործունեության կտրուկ նվազման արդյունքում դանդաղել են նաև արտահանման և ներմուծման աճի տեմպերը, վատթարացել է ՀՀ այցելած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի սալդոն, զգալիորեն նվազել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված առևտրային և ոչ առևտրային բնույթի զուտ դրամական փոխանցումները, վատթարացել է բյուջեի հաշվեկշիռը և այլն)։ Այս բացասական միտումների շարունակման պարագայում ծրագրի իրատեսականության վերաբերյալ մտահոգությունները կխորանան։ Ի դեպ, համաձայն ՄԺԾԾ-ի շրջանակներում իրականացված սցենարային վերլուծության արդյունքների՝ տնտեսական աճի ռիսկերի նյութականացման հոռետեսական սցենարով (որով մասնավորապես ենթադրվում է 2022-2023թթ. ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում առաջացած դրական շոկի աստիճանական շրջադարձ) չի բացառվում, որ տնտեսական աճի տեմպերը կտրուկ դանդաղեն։ Ընդ որում, զարգացման այնպիսի սցենարը, որ միջնաժամկետում տնտեսական աճի տեմպը կազմելու է 3-5%, գրեթե նույնքան հավանական է, որքան հիմնական սցենարը, որի հիման վրա կազմվել է ՄԺԾԾ-ն, և համաձայն որի տնտեսական աճի տեմպը գտնվելու է 5-7% միջակայքում։
Եթե անգամ բացառվի բացասական միտումների հետագա խորացման վտանգը, ներկայացված միջնաժամկետ ծախսերի ծրագիրն արդեն իսկ առաջացնում է որոշ մտահոգություններ, որոնցից առավել ակնառուները հետևյալներն են.
Ծրագրով առաջիկա 3 տարիներին նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի բարձրացման մասին չի խոսվում: Այսինքն՝ հաշվի առնելով գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում դրանք իրական արտահայտությամբ 2027թ.-ի վերջում շուրջ 16%-ով պակաս կլինեն 2024-ի տարեսկզբի համեմատ։
Պետական բյուջեի հարկային եկամուտների ընթացիկ հավաքագրումներն էապես նվազել են, իսկ 2025-2027թթ. ՄԺԾ ծրագրում դրանց՝ 2024թ. համար սպասվող մեծությունը՝ 2,496.9 մլրդ դրամ, 4.5%-ով կամ 116.7 մլրդ դրամով ցածր է 2024թ. պետական բյուջեով պլանավորված մեծությունից։
Հարկային եկամուտների կանխատեսումներում շարունակվում է «հարկեր/ՀՆԱ» ցուցանիշի ագրեսիվ աճի սցենարը։ Մինչդեռ տարբեր երկրների ու ժամանակաշրջանների փորձը ցույց է տվել, որ նման տեմպերով շարունակական բարելավում սովորաբար հնարավոր չի լինում ապահովել: Ավելին, ներկայիս միտումների պահպանման պարագայում առավել հավանական է այդ ցուցանիշի նվազումը, չնայած 2024թ.-ին և հետագա տարիներին այդ ցուցանիշի բարելավմանը զգալի չափով «նպաստելու է» կատարված մեթոդաբանական փոփոխությունը, համաձայն որի պետական բյուջեի եկամուտներում 2024-ից ներառվում են նաև հիպոթեքային վարկերի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձի գումարները։
Կառավարության պարտքը կտրուկ աճելու է։ Ծրագրով նախատեսվում է, որ 2027թ. վերջում կառավարության պարտքը կկազմի 7.4 տրիլիոն դրամ կամ 2024թ. վերջի համար սպասվող մեծությունից՝ շուրջ 5.2 տրիլիոն դրամից 43.5%-ով ավելի։ Իսկ ՀՆԱ-ում կառավարության պարտքի կշիռը 2026 և 2027թթ.-ին կկազմի 55%՝ 2024թ. համեմատ ավելանալով 4.5 տոկոսային կետով։
2025-2027թթ. ՄԺԾԾ-ով մի շարք միջոցառումներ ներկայացվել են առանց հստակ չափելի արդյունքային ցուցանիշների: Ծրագրում բազմաթիվ են «հռչակագրային» բնույթի մտքերը («կբարելավվի», «կապահովվի», «կներդրվի», «կմշակվի», «կշարունակվի», «կընդլայնվի» ոճի), սակայն, դրանց զգալի մասի հետ կապված որևէ քանակական չափելի թիրախ ըստ տարիների չի ներկայացվում: Օրինակ՝ «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով արդյունքային ցուցանիշ նշված է միայն նախադպրոցական հաստատությունների մասով: Ընդ որում, չնայած կառավարության գործունեության ծրագրի ավարտին մնացել է 2 տարի, սակայն «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրով անցած ժամանակաշրջանում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են կառավարության ծրագրով նախատեսված ծավալի ընդամենը 1/4 մասով։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
News.am