Թադևոս Ավետիսյան․ Հեղուկ գազի կտրուկ գնաճը ոչ թե արտաքին, այլ ներքին գործոններով է պայմանավորված

Հեղուկ գազի շուկան փոքր է, և այս գնային վայրիվերումների միջոցով խոշոր խաղացողները մտադիր են փոքր ներկրողներին սնանկացնել և դուրս մղել շուկայից: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբացկության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով այն մասին, որ վերջին շրջանում հեղուկ գազի գինը հայաստանյան շուկայում գրեթե 2.5 անգամ աճել է:

«Հեղուկ գազի գնի թռիչքային տատանումների պատճառը կարծում եմ ՝ մրցակցային դիրքի չարաշահումն է. եթե դիտարկենք օբյեկտիվ գործոնները՝ ներկրվող վառելիքի գինը այդ չափով չի բարձրացել, մենք կարճ ժամանակահատվածում ունեցանք կրկնակի և ավելի գնաճ, ինչը նշանակում է, որ անառողջ մրցակցություն կա»,-ասաց նա:

Խոսելով այն մասին, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պնդում է՝ հեղուկ գազի գնի կտրուկ աճը պայմանավորած է բորսայում դրա աճով, տնտեսագետը պատասխանեց.

«Թո՛ղ հրապարակեն իրենց վերլուծությունները, տեսնենք, իսկապե՞ս բորսայում այս կարճ ժամանակահատվածում մոտավորապես 120-130 տոկոսով գնաճ կա: Վստահաբար նման բան չկա, հետևաբար գնաճը ոչ թե արտաքին, այլ ներքին գործոններով է պայմանավորված: Նման երևույթների մենք պարբերաբար ականատես ենք լինում այս շուկայում, այդտեղ ամենաբարձր գնային տատանումներն են արձանագրվում»:

Տնտեսագետի խոսքով, հեղուկ գազի գնի կտրուկ աճը նաև ներքին պայմանավորվածությունների միջոցով է տեղի ունենում:

«Շատ տնտեսվարողներ տարբեր ֆիրմաների անունով են գրանցված, բայց անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են սեփականատերերը և ովքեր են այդ ֆիրմաների համար գնային որոշումներ կայացնում: Այս գնային տատանումները կարելի է բացատրել միայն անառողջ մրցակցությամբ և մենաշնորհային դիրքի չարաշահմամբ»:

Խոսելով այն մասին, որ ամիսներ առաջ հեղուկ գազի արժեքը կտրուկ նվազել էր, Թադևոս Ավետիսյանն ասաց.

«Գնի այդչափ նվազումն էլ առողջ չէ, որովհետև ակնհայտ է, որ այդ գնով վաճառքի դեպքում շահույթ չեն հետապնդում: Դա անառողջ մրցակցության և շուկայում վերադասավորումներ անելու ցանկության մասին է խոսում: Եթե ողջամիտ դիտարկում ես, հասկանում ես՝ ինչո՞ւ պիտի վաճառեն մի գնով, որը շահույթ չի բերում»:

Թադևոս Ավետիսյանի կարծիքով, շուտով մի շարք փոքր տնտեսվարողներ ստիպված կլինեն դուրս գալ շուկայից:

Խոսելով այն մասին, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակ պնդում է՝ հեղուկ գազի շուկայում խոշոր տնտեսվարողներ չկան, հետևաբար և հանձնաժողովը անելիք չունի ոլորտում, Թադևոս Ավետիսյանը նշեց.

«Ակնհայտ է, որ խնդիրը կա: Ինչպե՞ս կարող է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անելիք չունենալ: Ակնհայտ է, որ գնային թռիչքաձև վայրիվերումների հետևանքով ոչ միայն տնտեսվարողներն են տուժում, այլև բազմաթիվ սպառողներ: Եթե իրենք գտնում են, որ այդտեղ անելիք չունեն, պարզ հարց է առաջանում, բա իրենց կառույցը ընդհանրապես ինչի՞ համար է պետք»:

Հարցին, թե կա՞ն կանխատեսումներ՝ ե՞րբ ու որքանո՞վ կնվազի հեղուկ գազի արժեքը, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ այդ չափով նորից կնվազի մոտ ապագայում, բայց որոշակի կայունություն, կարծում եմ, կլինի: Կայունություն կլինի, բայց ավելի բարձր կետի վրա, ինչը տնտեսվարողների համար կապահովի գերշահույթ»:

Հարցին, թե արդյո՞ք Լարսի անցակտետում մեքենաների կուտակումը կարող է ազդեցություն ունենալ հեղուկ գազի գնի աճի վրա, նա պատասխանեց.

«Որոշակի ազդեցություն կունենա, իհարկե, բայց չեմ կարծում, որ մեր շուկան այնքան մեծպահանջարկ ու ծավալներ ունի, որ դեֆիցիտ առաջանա և հնարավոր չլինի դա արագ հարթել»: