Գրոսսի․ ՌԴ Կուրսկի մարզում միջուկային միջադեպի վտանգ է առաջացել
ՌԴ Կուրսկի մարզում միջուկային միջադեպի վտանգ է առաջացել։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։
«Այստեղ հիմա միջուկային միջադեպի վտանգ է առաջացել», – լրագրողներին ասել է Գրոսսին:
Նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն միջազգային կազմակերպություն է, որը պատասխանատու է ամբողջ աշխարհում միջուկային ռեժիմի պահպանման և միջուկային օբյեկտների անվտանգության համար:
«Հենց այդ պատճառով ես ընդունել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և այստեղ եկել իմ թիմի անդամների հետ, որպեսզի անձամբ գնահատեմ Կուրսկի ԱԷԿ-ում առկա իրավիճակը և ստեղծված պայմաններում ռուս գործընկերների հետ համատեղ ինչ-որ լուծումներ գտնեմ», - պարզաբանել է Գրոսսին:
«Այսօր ինձ պատմեցին կայանի տարածքի, օբյեկտների վրա ԱԹՍ–ների հարձակումների մի քանի դեպքերի մասին։ Ես եղել եմ կայանում, տեսել եմ այդ հարձակումների հետքերը։ Ընդհանուր առմամբ՝ փաստը, որ ատոմակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ռազմական գործողություններ են ընթանում, անվտանգության ապահովման տեսակետից մեծ անհանգստություն է առաջացնում», - ասել է Գրոսսին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարվածներ հասցնել Կուրսկի ԱԷԿ-ին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը սերտ կապի մեջ է ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարության հետ՝ կապված Զապորոժիեի և Կուրսկի ատոմային էլեկտրակայանների նկատմամբ Կիևի ռեժիմի սադրանքների հետ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ օգոստոսի 6-ին` ժամը 5:30–ին, Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները (մինչև 1000 մարդ) գրոհի են անցել` նպատակ ունենալով տարածքներ զավթել Կուրսկի մարզում։ Մարզում մինչ օրս մարտերը շարունակվում են։
Sputnik Արմենիա