Հիմա քննարկում են միջանցքի բացումն առանց միջանցք բառի․ Սերգեյ Մելքոնյան
Եթե Հայաստանը ցանկանա բանակցել Թուրքիայի հետ առանց միջնորդի կամ միջնորդով, մեկ է, նա ոչ մի արդյունքի չի հասնի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց պ․գ․թ․, «ԱՊՐԻ Արմենիա» ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանն՝ անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը, թե անհնարին է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, քանի դեռ ՀՀ-ն չի բարելավվել Ալիևի բոլոր պահանջները։
«Սա նշանակում է, որ եթե Հայաստանը ցանկանա բանակցել առանց միջնորդի, կամ մեկ միջնորդով, կամ 3-4, նա ոչ մի արդյունքի չի հասնի։ Ավելի քան երկու տարի առաջ ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են, որ սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց մինչ օրս այդ հարցի վերաբերյալ որևէ առաջընթաց չկա։ Մենք ունենք հանդիպումներ, հայտարարություններ՝ առանց որևէ բովանդակության կամ պրակտիկ քայլերի։ Եւ զուգահեռ տեսնում ենք՝ այն օրակարգը, որի մասին խոսում է Թուրքիան, Հայաստանը փաստացի ընդունում է՝ խոսքը գնում է Ալիևի պահանջների մասին»,- նշեց Մելքոնյանը։
Խոսելով Էրդողանի մեկ այլ հայտարարության մասին, թե Անկարան ակնկալում է, որ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, որով էլ թղթի վրա կամրագրվի Ադրբեջանի «ձեռքբերումները» պատերազմի արդյունքով՝ միջազգայնագետն ընդգծեց․
«Հայաստանի կողմից որևէ պաշտոնական հայտարարություն մինչ օրս դրա վերաբերյալ չի եղել։ Սա նշանակում է՝ ՀՀ-ն պատրաստ է ընդունել, որ այո, սա է նոր իրականությունը, այո, մենք շարունակում ենք զիջել, քանի որ Ադրբեջանն ուժեղ կողմ է։ Առավել ևս Հայաստանի կողմից չկա արձագանք Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ։ Այս ամենին շատ ուշադիր հետևում են նաև այլ պետություններ։ Խոսքը գնում է Իրանի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի մասին, և այսպես շարունակ։
Ինչ վերաբերում է սահմանը բացելուն և երրորդ երկրների քաղաքացիների ելք ու մուտքին, ասում են, թե սա վերաբերում է արտասահմանյան դիվանագետներին և քաղաքացիներին։ Բայց չեմ կարծում, թե դիվանագետները մեքենայով Գյումրիով դեպի Կարս գնան․ կան Երևան-Թուրքիա չվերթներ, որից վերջիններս օգտվում են։ Սա նշանակում է, որ խոսքը առաջին հերթին գնում է Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Սա նախաքայլերից մեկն է «Զանգեզուրի միջանցքի» համար։ Ադրբեջանն ի՞նչ է ասում․ ասում է մեզ ոչինչ հետաքրքիր չէ, միայն պետք է «Զանգեզուրի միջանցքը»։ Եվ այո, հենց այդ միջանցքի համար է այս ողջ օրակարգը ստեղծվում»,- եզրափակեց Մելքոնյանը։