Մտահոգությունները տեղին էին. ինչու ՆԳՆ–ն սառեցրեց տեսախցիկների մասին աղմկահարույց նախագիծը
Տեսանկարահանող սարքերի մասին աղմկահարույց նախագիծը կասեցնելու որոշումը վկայում է, որ մասնագիտական հանրության մտահոգությունները տեղին էին ու փաստարկված: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Գևորգ Հայրապետյանը։
ԱԺ–ն հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը տնտեսվարողներին պարտավորեցնում էր տեսախցիկներ տեղադրել 50 քմ–ից մեծ կառույցների մուտքին ու շինության այլ հատվածներում, և այդ տեսախցիկների նկարահանածները պետք է շուրջօրյա ռեժիմով հասանելի լինեին ոստիկանությանը։ ՆԳՆ–ն նոյեմբերի 11-ին հայտարարեց, որ նպատակահարմար է համարում առանց հանրային լայն կոնսենսուսի ձեռնպահ մնալ նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցման ներկայացնելուց։
«ՆԳՆ–ի որոշման պատճառը առերևույթ հենց այդ իրավական ակտի վերաբերյալ հանրության մտահոգություններն ու քննարկումներն են։ Շատ նորմալ երևույթ է, երբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողը, հաշվի առնելով հանրության կարծիքը, թեկուզ ուշ փուլում, բայց նախագիծը հանում է շրջանառությունից»,– ասաց Հայրապետյանը։
Նշենք, որ ՆԳՆ–ն իր օրենսդրական նախաձեռնությունը հիմնավորում էր անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։ Մինչդեռ հանրության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում` տնտեսվարողներ ու կիբեռանվտանգության մասնագետներ, մտահոգություն էին հայտնում նախագծի վերաբերյալ։
Հայրապետյանի խոսքով` խնդիրը նախագծում առկա ձևակերպումների հստակությունն է, որպեսզի բոլոր խնդրահարույց հարցերը որոշակիություն ստանան ու հետագայում խնդիրներ չառաջացնեն թե՛ քաղաքացիների, թե՛ պատասխանատուների համար։
Նրա վկայակոչած խնդիրներից առաջինը քաղաքացու անձնական տվյալների մշակումն է։ Մասնագետի խոսքով` դրա համար օրենքում պետք է լինի հստակ նշված նպատակ, մինչդեռ ՆԳՆ–ի ներկայացրած նախագծում դրանք որոշակի չեն։
«Նախագծում նպատակները երբեմն փոխբացառող են, հիմնավորման մեջ վկայակոչվում էր մի նպատակ, որը չկար նախագծի տեքստում, կամ հակառակը։ Նպատակները չափազանց լայն էին ու ընդհանրական և այլն։ Հետևաբար այս պահին այս նախագիծը խնդիր էր առաջացնում նաև համաչափության տեսանկյունից, որովհետև հնարավոր չէր լինում պնդել, որ այն միջամտությունը, որն իրականացվելու է տեսահսկմամբ, համաչափ է լինելու վկայակոչված նպատակին»,– պարզաբանեց մասնագետը։
Մյուս կողմից, ըստ Հայրապետյանի, նախագծում ապահովված չէր տվյալների անվտանգության պաշտպանությունը։
ՆԳՆ–ն հայտարարել է, որ պատրաստ է հարցը կրկին քննարկել շահագրգիռ մարմինների հետ։ Գևորգ Հայրապետյանի համար ընդունելի է նախագիծը դարձյալ քննարկելու հրավերը, հատկապես որ, նրա գնահատմամբ, նորագույն տեխնոլոգիաները հանրային կյանքում ավելի ու ավելի լայն կիրառություն են ստանում, և ոստիկանության աշխատանքն էլ բացառություն չէ։