Պետքարտուղարություն․ ԱՄՆ-ը մտադիր է աջակցել Հնդկաստանին ահաբեկչության դեմ պայքարում
Ինչպես անցյալ շաբաթ նախագահը հայտարարեց վարչապետ Մոդիին, Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հնդկաստանին ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին մայիսի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության վերջին փուլը Ջամմույում և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո։
«Եվ վարչապետ Մոդին վայելում է մեր լիակատար աջակցությունը։ Պետքարտուղարը երկու երկրներին կոչ է արել աշխատել պատասխանատու որոշում ընդունելու ուղղությամբ, որը կպահպանի Հարավային Ասիայում երկարաժամկետ խաղաղությունը և տարածաշրջանային կայունությունը։ Ինչպես նշեցի, մենք շարունակում ենք պահպանել կապերը երկու երկրների կառավարությունների հետ տարբեր մակարդակներում»,-ընդգծել է Թեմի Բրյուսը։
Պետքարտուղարության խոսնակը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Հնդկաստանի արտգործնախարար Ջայշանկարի և Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ։
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իրավիճակը շարունակում է զարգանալ, և որ Վաշինգտոնը ուշի-ուշով հետևում է տեղի ունեցողին։
Ջամմույում և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո Հնդկաստանի և Պակիստանի սահմանային գոտում արդեն մեկ շաբաթ է, ինչ հրադադարի խախտումներ են գրանցվում Նյու Դելիի և Իսլամաբադի միջև լարվածության աճի պայմաններում։
News.am