Ֆրենք Փալոնեն ներկայացրեց բանաձևը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեն բանաձև է ներկայացրել, որի նպատակն է ԱՄՆ-ի և Արցախի միջև անսահմանափակ ուղևորությունների և բաց հաղորդակցության արհեստական խոչընդոտների վերացումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Բանաձևը ստացել է 12 կոնգրեսականի աջակցությունը՝ ներառյալ Ադամ Շիֆի, Ջեքի Սփիերի և Գուս Բիլիրակիասի:

Փաստաթղթում նշվում է, որ Պետքարտուղարության ներկայիս քաղաքականությունը սահմանում է «ուղևորությունների և Միացյալ Նահանգների ու Արցախի միջև կապի կամավոր սահմանափակումներ՝ սահմանափակելով ԱՄՆ հարկատուների կողմից ֆինանսավորվող ծրագրերի հսկողությունը և խոչընդոտելով հրապարակային երկխոսությանն ու բանավեճին, որոնք կարող են նպաստել խնդիրների, Արցախի հետ կապված կարգավիճակի և անվտանգության հարցերի խաղաղ կարգավորմանը»:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաներին թույլ տալ ազատորեն Արցախ մեկնել և շփվել արցախցի գործընկերների հետ: Փաստաթղթով կոչ է արվում Արցախի Հանրապետության ժողովրդական ճանապարհով ընտրված կառավարության լիակատար և ուղիղ մասնակցություն ԵԱՀԿ բոլոր բանակցություններին և նրա ապագային վերաբերող այլ բանակցություններին:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոնգրեսականներին շնորհակալություն է հայտնել: